Մայիս, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Շորթող ծրագրերի զոհերը 360 հազ. անգամ ներբեռնել են «Կասպերսկի»-ի վերականգնման անվճար գործիքները
23/01/2024 11:23

Շորթող ծրագրերի զոհերը 360 հազ. անգամ ներբեռնել են «Կասպերսկի»-ի վերականգնման անվճար գործիքները

«Կասպերսկի» ընկերության՝ No More Ransom նախաձեռնության և դրա մասնագիտացված No Ransom պորտալի միջոցով հասանելի տվյալների վերականգնման միջոցների ներբեռնումների ընդհանուր քանակը գերազանցել է 360 հազարը։ Այդ անվճար գործիքներն առաջարկում են շորթող ծրագրերի զոհերի տվյալների վերականգնման արդյունավետ լուծումներ՝ ընդգծելով կիբեռանվտանգության ոլորտում համատեղ ջանքերի էական ազդեցությունը:

Ընկերության տվյալներով՝ 2023-ի վերջին «Կասպերսկի»-ն նշել է No More Ransom նախաձեռնությանն իր մասնակցության յոթերորդ տարեդարձը։ Այդ ընթացքում ընդլայնվել է ընկերության անվճար վերականգնման գործիքների հասանելիությունը՝ համաձայն շորթող ծրագրերի դեմ պայքարի իր հանձնառության։ Այդ գործիքները, որոնք ուղղված են շորթող ծրագրերի 39 ընտանիքների, մեծ դեր են խաղացել ամբողջ աշխարհում գրեթե 2 միլիոն զոհերի օգնության գործում, նշում է Եվրոպոլը՝ ընդգծելով «Կասպերսկի»-ի կողմից աջակցվող No More Ransom նախաձեռնության խորը ազդեցությունը:

Բացի No More Ransom ծրագրում իր ներդրումից, «Կասպերսկի»-ն էլ ավելի է ամրապնդել իր հանձնառությունը՝ ստեղծելով իր սեփական No Ransom կայքը՝ կենտրոն, որը տրամադրում է շորթող ծրագրերի դեմ պայքարի ռեսուրսների և գործիքների ամբողջական լրակազմ: Ընկերությունը No Ransom  պորտալը գործարկել է 2015-ին՝ Նիդերլանդների ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ, և հետագայում այն վերածվել է համաշխարհային նախաձեռնության, որն օգնում է մարդկանց անվճար:

«Քանի որ կիբեռսպառնալիքները շարունակում են զարգանալ, պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունն ավելի ու ավելի կարևոր է դառնում: No More Ransom-ը և «Կասպերսկի»-ի No Ransom պորտալը ցույց են տալիս, թե ինչպես հավաքական ջանքերը կարող են էական ազդեցություն ունենալ զոհերին օգնություն ցուցաբերելու և կանխարգելման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու վրա: Բացի այդ, օգտատերերի համար չափազանց կարևոր է հասկանալ, որ կիբեռհանցագործներին փրկագին վճարելը երբեք խնդրի լուծում չէ: Փոխարենը, մենք հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս անհատներին և կազմակերպություններին ապավինել վերականգնման հասանելի գործիքներին և ռեսուրսներին, որոնք տրամադրվում են համատեղ ջանքերով, ինչը թույլ է տալիս նրանց վերականգնել իրենց տվյալները՝ շորթման չենթարկվելով»,- նշում է «Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտությունների և վերլուծության գլոբալ կենտրոնի անվտանգության ավագ հետազոտող Յորնտ վան դեր Վիլը:

Իր պատմության ընթացքում ընկերությունն իրեն դրսևորել է որպես կիբեռգրոհների դեմ պայքարում անվճար օգնություն տրամադրելու նախաձեռնությունների ստեղծող: Մինչ No More Ransom-ի համահիմնադիրը դառնալը և No Ransom պորտալը գործարկելը, «Կասպերսկի»-ն 2008-ին նախաձեռնել է շորթող ծրագրերի դեմ պայքարի միջազգային Stop Gpcode նախաձեռնությունը։

Շորթող ծրագիրը վնասաբեր ԾԱ է, որը ծածկագրում է օգտատիրոջ տվյալները և փրկագին է պահանջում դրանք վերականգնելու (և/կամ չհրապարակելու) համար: Կիբեռհանցագործները շարունակում են սպառնալից  արագությամբ ստեղծել շորթող ծրագրերի նոր մոդիֆիկացիաներ. միայն 2023-ի հոկտեմբերին «Կասպերսկի»-ն հայտնաբերել է շորթիչների ավելի քան 4000 նոր ֆայլեր, ինչը 2,5 անգամ ավելին է, քան 2022-ի նոյեմբերին (1602): Սա ընդգծում է պաշտպանության հուսալի միջոցների պահպանվող կարևորությունը: