Օգոստոս, 2022
August 2022
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է
20/07/2022 13:44

Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է

Սեպտեմբերի 5-10-ին Հայաստանը վերածվելու է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների ու արվեստի գործիչների միավորող հարթակի՝ հյուրընկալելով STARMUS միջազգային փառատոնը։ Գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia ընկերությունը հայտարարել է STARMUS փառատոնի հետ համագործակցության մասին։

«Աջակցելով Starmus-ին՝ մենք աջակցում ենք մեր երկրում գիտության հանրայնացմանն ու ոգեշնչում երիտասարդներին՝ ավելի ակտիվ ու համարձակ քայլեր անելու։ Հուսով եմ, որ այս փառատոնը կդառնա անկախ Հայաստանում գիտության վերածնունդի խորհրդանշական իրադարձություններից մեկը՝ ապագայում վերականգնելով աստղագիտության ոլորտում ունեցած մեր համբավը»,- նշեց Team Telecom Armenia ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Փառատոնը Հայաստանում կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

«Ողջունում եմ Team Telecom Armenia ընկերությանը մեր փառատոնի շրջանակներում և որպես հայ ուրախ եմ միջազգային գործընկերների թվում ունենալ առաջին հայաստանյան ընկերությունը, որը միացել է փառատոնին որպես հիմնական գործընկերներից մեկը՝ կարևորելով գիտության հանրայնացումը Հայաստանի համար։STARMUS-ը աննախադեպ միջազգային իրադարձություն է և այստեղ՝ Հայաստանում մենք գիտության տոն ենք պարգևելու հանրությանն ու հյուրերին»,-խոսելով համագործակցության մեկնարկի մասին ասաց STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

Միջոցառումներին Հայաստանում մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։ Փառատոնի ծրագրում (starmus.com/Armenia) նախատեսվում  են համագումարներ ու գիտաժողովներ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից և 2011 թվականից անց է կացվել Իսպանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում։Փառատոնը համարվում է միակն աշխարհում, որ նման մասշտաբի միջոցառումներ և խոսնակներ է ունենում։