Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արծվիկն այցելել է Աշտարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
04/05/2017 22:25

Արծվիկն այցելել է Աշտարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

«Որքա՞ն ժամանակ է պահանջվում այս ամենը տպելու համար», – հարցնում է Եվրատեսիլ 2017-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկն Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաներին:

Հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառող այս խմբակի սաները զարմացրեցին երգչուհուն համակարգչով մոդելավորելու, եռաչափ տպիչով առարկաներ տպելու, խաղեր ծրագրավորելու ու անիմացիա ստեղծելու իրենց կարողություններով:

«Շատ բաներում ենք հմտացել, իսկ ներկա պահին նախապատրաստվում ենք կարևոր մրցույթի, որի համար պատրաստել ենք ռոբոտ: Փոքր դետալներ կան շտկելու, ջանք չենք խնայի դրա համար, քանի որ բոլորս երազում ենք հաղթել այդ մրցույթում», – իր երազանքներով է կիսվում «Արմաթ»-ի սան Աննա Գրիգորյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչների հետ: 

Արծվիկին մաղթում է «տրիումֆ» իր ելույթի ժամանակ ու շնորհակալ է անսպասելի այցի համար:

«Մեր ռոբոտը, որը զրոյից ինքնուրույն ենք պատրաստել, հատուկ տարածության մեջ պետք է շարժվի և առարկաներ հավաքի: Մեծ մասն արված է, ծրագրային որոշ շտկումների կարիք կա միայն», – պատմում է նույն լաբորատորիայի սան Աշոտ Թառումյանը:

Երկու տարբեր, սակայն իրենց համար կարևոր մրցույթների նախապատրաստվող Արծվիկն ու «Արմաթ»-ի սաները միմյանց հաջողություն մաղթեցին և լիահույս են, որ իրենց երազանքներն իրականություն կդառնան:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ 

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։