Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկել է Hackathon 2016 մրցույթը
03/10/2016 20:38

Մեկնարկել է Hackathon 2016 մրցույթը

Beeline-ը և  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը հոկտեմբերի 1-ին անցկացրեցին «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Միջոցառումն անց էր կացվում «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնում: Այս տարի մրցույթի կազմակերպիչներն արձանագրել են բարձր հետաքրքրություն միջոցառման նկատմամբ. «Հեքըթոն»-ին դիմել էր երկու տասնյակից ավել թիմ:

«Հեքըթոն» մրցույթի նպատակն է խրախուսել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդներին օգտագործել ժամանակակից տեխնոլոգինաերի հնարավորությունները և առաջարկել հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող թվային ու նորարար լուծումներ։ 

Մրցույթի ընթացքում մասնակից թիմերը 12 ժամվա ընթացքում մշակեցին հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող տարբեր լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև ներկայացվեցին մասնագետների և մենթորների դատին։ Մրցույթի հանձնաժողովը, ծանոթանալով ներկայացված լուծումներին, որոշեց լավագույններին՝ որպես ընտրության չափանիշ կիրառելով 12 ժամում կատարված աշխատանքի ծավալը, գաղափարի նորարարությունը և ակտուալությունը։ Հաղթող ճանաչվեցին ArmCover և TopSoft թիմերը, որոնք ստացան համապատասխանաբար 1000 և 500 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ: ArmCover  թիմը մշակել էր հեռախոսային խոսակցությունները կոդավորող և ապակոդավորող ծրագիր, որը կարող է օգտագործվել բանակում կամ գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս, իսկ TopSoft թիմը առաջարկում էր բարելավել հաճախորդների սպասարկումը խելացի Facebook bot-ի միջոցով։ Երրորդ տեղը զբաղեցրած Ask@run թիմը Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստացավ խրախուսական մրցանակներ։

«Հեքըթոն»-ի ձևաչափը մասնակիցներից պահանջում է որոշակի գաղափարի առկայություն և հնարավորություն է տալիս 12 ժամվա ընթացքում աշխատել թիմի կազմում և փորձել առավելագույն կերպով այն կյանքի կոչել: Մրցույթի անցկացման նման մոտեցումն օգտակար է նաև մասնակիցների համար, քանի որ հնարավորություն է տալիս աշխատել թիմում և խնդիրների լուծմանն ավելի օբյեկտիվ մոտենալ: Ես, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչները, վստահ ենք, որ այն կգտնի թարմ մոտեցում և նոր գաղափարներ, որոնք կնպաստեն երկրում հեռահաղորդակցության ոլորտի ավելի արագ զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հեռահաղորդակցության ոլորտը հետաքրքիր է և ունի շատ խնդիրներ, որոնց շուրջ մրցույթին հայտ ներկայացրած թիմերը փորձեցին մշակել նորարար տեխնոլոգիական լուծումներ։ Մենք ստացել էինք 32 թիմերի դիմում-հայտեր, և նախնական ընտրության արդյունքում հեքըթոնին մասնակցեցին 17 թիմեր։ Առաջարկվող նախագծերը փորձում էին լուծել տարբեր խնդիրներ՝ սկսած Facebook bot-ից մինչ արհեստական ինտելեկտի միջոցով հաճախորդների վերլուծություն և ավելի լավ սակագնային պլանի առաջարկում։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մշտապես խրախուսում է երիտասարդներին զբաղվել տեխնոլոգիական ձեռներեցությամբ, և հեքըթոնների և աքսելերացիոն ծրագրերի միջոցով աջակցում նրանց։», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Նշենք, որ Beeline-ն ավանդաբար աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանին ամենամյա հեքըթոնների անցկացման գործում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: