Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը
07/05/2015 17:14

Մեկնարկեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը, որի  նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի հետաքրքրությունը դպրոցականների շրջանում։ Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը։

Օրեր առաջ ԻՏՁՄ-ի, ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջև կնքնվեց «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին միանալու վերաբերյալ առաջին համաձայնագիրը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշում է. «Հնարավոր չէ ակնկալել ՏՏ ոլորտի ավելի բարձր աճ, քան ներկայիս 20-22%-ն է, քանի դեռ չենք փոխել հանրային մտածողությունը հանուն արժեքային համակարգերի, ստեղծարար արժեքների, կրթության և գիտելիքի նկատմամբ հատուկ վերաբերմունքի։ Այս նպատակի իրագործման լավագույն հարթակը դպրոցն է»:

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ակադեմիական ծրագրերի համակարգող Ամալյա Մխիթարյանն ասաց. «Շատ կարևոր եմ համարում նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են  ընձեռում իրականացնել մասնագիտական կողմնորոշում դպրոցականների շրջանում: Երիտասարդ սերնդի ճիշտ կողմնորոշումից է կախված ինչպես ապագայում որակյալ մասնագետի կայացումը, այնպես էլ տվյալ ոլորտի և ընդհանուր տնտեսության զարգացումը»:

«ՏՏ ընկերությունում երեխաներին տրվում է հնարավորություն տեսական գիտելիքները գործնականի վերածել, զարգացնել երևակայությունը, խմբային աշխատանքի ոգին, ստեղծագործական մտածողությունը: «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախաձեռնությունը խոստումնալից է, հիանալի հնարավորություն երեխաների արժեհամակարգի ձևավորման և զարգացման համար», նշում է ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ա. Ռեհանյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հույս է հայտնում, որ եթե Հայաստանում գործող 500-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններից յուրաքանչյուրն իր հովանու ներքո վերցնի առնվազն 1 դպրոց, ընդամենը մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով և հաստատակամ երիտասարդների թիվը, ովքեր կդառնան նոր հզոր մտածողության կրողներ և տարածողներ ընտանիքներում, համայնքներում, ԲՈՒՀ-երում և ամենուր: