Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թվայնացվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը
20/12/2013 16:24

Թվայնացվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը:

9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ ներառող հավաքածուն ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տրամադրած նյութերի հիման վրա:

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով: Երկերի թվայնացված անթոլոգիան լույս է տեսել առաջին անգամ: Բազմաժանր ստեղծագործությունների կատարողական կազմում ընդգրկվել են համաշխարհային հռչակ վայելող, հայ և օտարազգի պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ սիմֆոնիկ ժանրի բազմաթիվ ստեղծագործություններ հնչում են իր` հեղինակի ղեկավարությամբ:

Ինքնատիպ այս հավաքածուն թողարկվել է ոչ կոմերցիոն նպատակով և նախատեսված չէ վաճառքի համար:

Ակնկալվում է այն տրամադրել աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին և հաստատություններին, կոմպոզիտորական միավորումներին և դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Ժամանակն առաջ է շարժվում, տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Իսկ մնայուն արժեքները շարունակում են փայլել անկախ ժամանակներից` լուսավորելով մարդկության ճանապարհը: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն այդ արժեքներից է: Այն թույլ է տալիս կյանքն ընկալել հոգու աչքերով և զգալ երաժշտության անսահման մեծ ուժը: Հպարտ ենք այս նախագծի իրականացմանն աջակցելու համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: