Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը
02/10/2024 13:05

Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը

Հոկտեմբերի 1-ին Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում, մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել Հայաստանում ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը: «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը համախմբում է ոլորտի փորձառու մասնագետներին, ուսանողներին, ճարտարագիտությամբ հետաքրքրվողներին, ինչպես նաև ամրապնդում միջոլորտային կապերն ու ստեղծում համագործակցության նոր ուղիներ։

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Դեյվիդ Ալենը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Ինժեներական ասոցիացիայի ղեկավար Արամ Սալաթյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը բացման խոսքում ընդգծեց ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման համար՝ ինչպես տնտեսության և արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում դիրքավորման տեսանկյունից: «Կարևոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար: Այս միջոցառումը միավորում է բոլոր կարևոր շահագրգիռ կողմերին՝ խթանելով նորարարությունը և համագործակցությունը: «Հայաստան – Ճարտարագիտության շաբաթ 2024»-ը ոչ միայն մեր առաջընթացի ցուցադրումն է, այլև հարթակ է կարևոր հարցերի բարձրացման, գիտելիքի և հմտությունների փոխանակման և կայուն զարգացման խթանման համար: Այսօր այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը։

Բացման հանդիսավոր արարողությունից ու ողջույնի խոսքերից հետո տեղի ունեցան պանելային քննարկումներ՝  «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն․ առաջնորդելով վաղվա արդյունաբերությունը», «Միջոլորտային մտքեր․ առաջընթացի նոր ուղիներ», ինչպես նաև ներկայացումներ՝ «Հայաստանը որպես խորը տեխնոլոգիաների կենտրոն» և «Միավորելով մտքերը․ ճարտարագիտության, գիտության և արվեստի համադրում՝ նոր դարաշրջանի նորարարության համար» թեմաներով։

Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կներկայացվի ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն շուկայի զարգացումները, Ինժեներական քաղաքի արտադրանքը, ուսանողների աշխատանքները։

Ցուցադրություններից հետո ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու նորարարական տեխնոլոգիաների կիրառության, կիբերանվտանգության և այլ թեմաներով պանելային քննարկումներին և սեմինարներին։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Նեյշնլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։

Լրահոս