Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԱՏՁՄ-ն կոչ է անում ՀՀ Ազգային Ժողովին դեմ քվեարկել ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագծին
06/04/2019 18:17

ԱՏՁՄ-ն կոչ է անում ՀՀ Ազգային Ժողովին դեմ քվեարկել ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին օրենքի նախագծին

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որում տեղ են գտել դրույթներ, որոնց կիրառումը կխոչընդոտի և կսահմանափակի տեղական Տեղեկատվական, Հեռահաղորդակցական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների բնականոն զարգանալու իրավունքները:

Գործող օրենսդրությունը պետք է կոչված լինի զարգացնելու տեղական Տեղեկատվական, Հեռահաղորդակցական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Արտոնություններ տրամադրելով առնվազն 5 տարեկան օտարերկրյա ընկերություններին՝ խիստ անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում տեղական ընկերությունների համար, քանի որ այդ օտարերկրյա ընկերությունները ոչ միայն առավելություն կունենան հայկական ընկերությունների նկատմամբ, այլև իրենց մոտ կարող են կենտրոնացնել որակյալ տեղական աշխատուժը՝ դրանով իսկ խոչընդոտելով տեղական ՏՏ և ԲՏ ոլորտի զարգացումը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կոչ է անում ՀՀ Ազգային Ժողովին դեմ քվեարկել վերը նշված օրենքի նախագծին և հետ ուղարկել ՀՀ Կառավարություն լրամշակման՝ առաջարկելով առանձնացնել ՀՀ ՏՏ և ԲՏ նորաստեղծ ընկերություններին պետական աջակցության մասին օրենքը միջազգային կազմակերպություններին ներգրավելու նպատակով մշակվող օրենքի դրույթներից:

Առաջարկում ենք նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները քննարկել ոլորտի մասնագետների հետ՝ հնարավոր ռիսկերը հաշվի առնելու և արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում հանդիպման հնարավորության դեպքում ներկայացնել մեր դիրքորոշումն ու առաջարկները։