Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. Արմաթի սաները Հայաստանը կներկայացնեն First Global ռոբոտների միջազգային մրցույթում
25/07/2018 15:59

Ucom. Արմաթի սաները Հայաստանը կներկայացնեն First Global ռոբոտների միջազգային մրցույթում

Ucom-ի աջակցությամբ Հայաստանի մարզերում հիմնադրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներն օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և «Ամերիաբանկի» ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել և ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:

«Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես եղել է և կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնումը, այդտեղ սովորող երեխաների մոտ ինժեներական մտածելակերպի զարգացումը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնումը, միջազգային ասպարեզ դուրս բերելը։ Արմաթցիների մասնակցությունը «First Global» միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ»։

«First Global»-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:

Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։

Հայաստանյան թիմում ընդգրված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար): Հատկանշական է, որ հայկական թիմն ակնհայտորեն արտացոլում է «Արմաթ» կրթական ցանցի առաքելությունը՝ նորարարության և ինժեներական գիտելիքի մարզային զարգացումը:  Ի դեպ, թիմում ընդգրված են հավասար թվով աղջիկներ և տղաներ: Նրանք լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին մրցույթի մասնակից ռոբոտին, սակայն չցանկացան բացել իրենց բոլոր գաղտնիքները:

Արմաթցիների մասնակցությունը «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու համար: Այն խրախուսում է պատանիներին ու առաջ մղում նրանց՝ գիտությամբ զբաղվելու և նորարություններ ստեղծելու համար: Մրցույթի մասնակիցները նաև միջազգային կապեր ստեղծելու հնարավորություններ ձեռք կբերեն: