Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ալեքսիս Օհանյանը դստեր անունով ծառ է տնկել Երևանում
27/06/2018 22:54

Ալեքսիս Օհանյանը դստեր անունով ծառ է տնկել Երևանում

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծառ է տնկել Թումոյի այգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկահայ տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատերը հայտնել է Instagram-ի իր էջում՝ հրապարակելով լուսանկար: Ալեքսիս Օհանյանը ծառն անվանել է դստեր անունով:

 «Այս մեկն անվանել եմ «Օլիմպիա»: Իմ դուստրը երկու ծառ ունի իր երկու տներում՝ Ֆլորիդայում և Հայաստանում»:

Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանել հունիսի 26-ին: Այս ընթացքում նա հասցրել է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Խոսելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ նա ասել է, որ երբեք այսքան հպարտ չի եղել, որ հայ է:

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել հայաստանյան այցելությունից։ Առաջին լուսանկարը նա վերնագրել է. «24 ժամ է՝ Հայաստանում եմ: Հետևեք»:

Այնուհետև նա այցելել է հայկական շուկաներից մեկը, որտեղից կարճ տեսանյութերի միջոցով ցույց է տվել հայկական մրգերն ու բանջարեղենները: Ծիրան համտեսելուց հետո նա ևս մեկ լուսանկար է թողել Instagram-ում՝ գրելով. «Այցելություն շուկա: Լուսանկարում չեն երևում այն համեղ ծիրանները, որոնք կերել ենք: Մենք հայտնի ենք պահածոների պատրաստման գործում: Հայրս սովորություն ուներ ձմեռվա համար բանջարեղեններ պահածոյացնել: Կարծում եմ՝ ժամանակի հարց է, թե ես երբ կսկսեմ»:

Մեկ այլ լուսանկարի ներքո էլ գրել է, որ իր լավագույն ընկերներից մեկը մանկության տարիներին իրեն է նվիրել արծաթից հայկական մետաղադրամ՝ Նոյան Տապանի և Արարատի գեղազարդմամբ։ «Այդ ժամանակվանից սկսած՝ ես այն միշտ պահում եմ ինձ մոտ աշխարհի որ կետում էլ լինեմ»,-գրել է նա:

Թումոյի սաներին ուղղված տեսաուղերձում էլ Ալեքսիս Օհանյանն ասել է, որ ոգեշնչված ու հպարտ է նրանցով: