Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կարեն Կարապետյանն այցելել է Տեղ գյուղի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա
11/03/2017 21:49

Կարեն Կարապետյանն այցելել է Տեղ գյուղի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Մարտի 10-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Նորաբաց «Արմաթ» լաբորատորիա է այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը վարչապետին ներկայացրել է Միության կողմից իրականացվող կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի նպատակներն ու հնարավորությունները: Կարեն Կարապետյանը իր հերթին կարևորել է տեխնոլոգիական կրթության շարունակական զարգացումը մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ տնտեսության առաջընթացի շարժիչ ուժ:

Հարկ է նշել, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում տեխնոլոգիական անվճար կրթություն կստանան ինչպես Տեղ գյուղի, այնպես էլ հարակից բնակավայրերի դպրոցականները: Եռաչափ տպիչով, համակարգիչներով և ռոբոտաշինության հավաքածուներով կահավորված ժամանակակից այս լաբորատորիայում աշակերտները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները արտաժամյա դասընթացներից բացի կմասնակցեն նաև մի շարք խրախուսական միջոցառումների (Ամառային տեխնոլոգիական և «ԴիջիՔեմփ» ինովացիոն ճամբարներ, «ԴիջիԿոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթ, «Ական փնտրող ռոբոտներ» և «Անօդաչու թռչող սարքերի» մրցույթներ, «Բաց խաղ» առաջնություն և այլն), որտեղ վերջիններս կկիրառեն իրենց ձեռք բերած հմտությունները ու կընդգրկվեն ավելի լայն և ստեղծագործական միջավայրի մեջ, կծանոթանան մյուս դպրոցների խմբակների աշակերտների հետ և այլն:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք մարզային հավասարաչափ զարգացման նպատակով առաջնահերթ հիմնվում են մարզերում, գործում են ՀՀ-ի (ներառյալ Արցախի) շուրջ 200 դպրոցներում: «Արմաթ»-ում այժմ սովորում են ավելի քան 5000 դպրոցականներ: ԻՏՁՄ ծրագրում է, որպեսզի տեխնոլոգիական կրթության հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր երեխաների համար և նման լաբորատորիաներ հիմնվեն բոլոր դպրոցներում:

Հավելենք, որ «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներն արժանացել են երկու՝ «Կայուն զարգացման» և «Տեխնոլոգիական կրթության լավագույն մատակարարի» միջազգային մրցանակների: