Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կայացավ․ հաղթողները հայտնի են
14/12/2015 17:59

«Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կայացավ․ հաղթողները հայտնի են

Դեկտեմբերի 12-13-ը կայացավ «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը, որն այս տարի առաջին անգամ անցկացվեց Վանաձորում՝ Ստեփան Զորյանի անվան թիվ 22 դպրոցում:

Մասնակից թիմերը, որոնք հիմնականում կազմավորված էին ծրագրավորողներից, ընդամենը 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրեցին իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի, հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը): Միջոցառմանը մասնակցեց շուրջ 250 երիտասարդ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:

Փոքր և միջին բիզնեսների առօրյան հեշտացնող լավագույն լուծման համար «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» կողմից մրցանակի է արժանացել Discount manager թիմը: Վերջինիս առաջարկած հավելվածը օգտատերին տեղեկացնում է մոտակայքում գտնվող խանութներում գործող զեղչերի մասին։ Մրցանակը 400 հազ. դրամ է, բացի այդ թիմը կստանա տեխնոլոգիական և բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու համար։

Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի սահմանած հատուկ մրցանակը՝ 400 հազ. դրամը, տրամադրվել է Instahire թիմին՝ սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծման համար։ Թիմը ստեղծել է առցանց հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնել աշխատակիցներ։

«Հեքըթոնը դարձել է ծրագրավորման ոլորտի ամենասպասվող և կարևոր միջոցառումներից մեկը: Կարծում եմ՝ այս տարի ևս Հեքըթոնյանը կայացավ ու հաջողվեց: Վստահ եմ, որ միջոցառումը մասնակիցների համար կլինի սկիզբ՝ իրենց ընկերությունների ստեղծման համար: Այս երիտասարդները հանգիստ կարող են իրենց ապագան կապել տեխնոլոգիական ոլորտի հետ, քանի որ Հայաստանում աներևակայելի իրադարձություններ են կատարվում, մենք ունենք սկսնակ ընկերություններ, որոնք աշխարհում առաջատար դիրքեր են գրավում»,-նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի անցկացմանն աջակցել է «ԱրմենՏել ընկերությունը» (Beeline ապրանքանիշով): Ամբողջ մրցույթի ընթացքում թիմերը կարողանում էին աշխատել իրենց նախագծերի վրա՝ օգտվելով ընկերության տրամադրած ինտերնետից։

«ԱրմենՏել ընկերության» կողմից սահմանված 3 մրցանակներին արժանացել են Mergeify, Game engine և Stereo TV թիմերը: Mergeify-ը ներկայացրել էր ծրագրային հավելված, որը հնարավորություն էր տալիս ցանկացած նախադասության համար ստեղծել տեսահոլովակ՝ օգտագործելով համացանցում առկա տեսանյութերը։ Game engine թիմը ստեղծել է հետաքրքիր խաղ, իսկ Stereo-TV թիմին հաջողվել էր ստեղծել մոբայլ հավելված, որի միջոցով հնարավոր էր միավորել երկու տեսանյութեր եւ ցուցադրել մեկ էկրանի վրա։
Mergeify-ն արժանացել է նաև ԱՄՆ դեսպանատան կողմից խրախուսական մրցանակի՝ստանալով Kindle:

Հանրային լրագրության ակումբը Հեքըթոն[ՅԱՆ]-ի ամենակրտսեր մասնակիցներին՝ 14-ամյա Հենրիկ Ամիրբեկյանին և Գարեգին Աբովյանին, ԱՄՆ դեսպանատան անունից հանձնել է խրախուսական մրցանակ՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրականը գրքերը:

Մրցանակաբաշխության ընթացքում նաև նշվել է, որ հաշվի առնելով այն, որ Knight-Mozilla OpenNews հիմնադրամի կողմից սահմանված անվանակարգին համապատասխանող լուծման արդյունավետ տարբերակ չառաջարկվեց, Հանրային լրագրության ակումբը հաղթող թիմերի հետ կրկին հանդիպելուց և ծրագրերին մանրամասն ծանոթանալուց հետո կընտրի և հիմնադրամի անունից մրցանակ կհանձնի առավելապես համապատասխանող թիմին:

Պատահական չէր ընտրված նաև միջոցառման անցկացման վայրը: Առհասարակ ամեն տարի Հեքըթոնյանն առանձնանում է անցկացման հետաքրքիր վայրով՝ քաղաքապետարան, օդանավակայան և այլն: Նախորդ տարի մրցույթն առաջին անգամ կազմակերպվեց Երևանից դուրս՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը Վանաձորում էր, ինչը մեծապես կնպաստի մարզի երիտասարդության մոտ ՏՏ կրթության և նորարության ուղղությամբ հետաքրքրության բարձրացմանը և ընդհանուր տեխնոլոգիական զարգացման խթանմանը:
«Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքը նմանատիպ միջոցառումներ է հյուրընկալում: Մենք շատ ենք ցանկանում, որ Վանաձորը դառնա Հայաստանի տեխնոլոգիական քաղաքներից մեկը: Հարզարավոր մարդիկ աշխատանք են փնտրում, բայց մյուս կողմից հազարավոր աշխատատեղեր կան, հատկապես տեխնոլոգիական ոլորտում: Այդ իսկ պատճառով բոլորին կոչ եմ անում սովորել ծրագրավորում»,-մրցանակաբաշխության ժամանակ մասնակիցներին դիմեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Այս երիտասարդները մի մեծ ընտանիք են մուտք գործում՝ Հայաստանի ՏՏ համայնքը, որն աճող և կարևոր համայնք է: Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի փրկությունն իր տեխնոլոգիական ոլորտում է»,- Խաչիկ Բադեյանը։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվեցին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ը, Հանրային լրագրության ակումբը,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։