Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների գրանցումը
04/11/2015 20:41

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների գրանցումը

Մեկնարկել է «Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  հերթական մրցույթների դիմում-հայտերի գրանցումը: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթները նպատակ ունեն բացահայտելու և խրախուսելու փորձառու հայ մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում: Սարքերը լայն կիրառություն ունեն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերում:
Մրցույթների կազմակերպիչ՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է. «Այս մրցույթները մեզ համար գերկարևոր և պրակտիկ նշանակություն ունեն: Մենք հույս ունենք, որ այս սարքերը օգտակար կլինեն հատկապես մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելիս»:

«Ական փնտրող ռոբոտ»  և «Անօդաչու թռչող սարքեր»  մրցույթների աջակից՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտում գործող կազմակերպություն, մեր ընկերությունը չի կարող անմասն մնալ նմանատիպ պրոյեկտներից: Այս մրցույթները ոչ միայն նպաստում են մեր երկրում բարձրակարգ մասնագետների բացահայտմանը, այլ նաև մեծ նշանակություն ունեն Հայաստանի պաշտպանության ոլորտում: Մենք վստահ ենք, որ մրցույթների արդյունքում կստեղծվեն այնպիսի սարքավորումներ, որոնք կարող են ծառայել ի պաշտպանություն մեր հայրենիքի և օգտագործվել բանակում կամ այլ ոլորտներում:

Մրցույթները կանցկացվեն 3 փուլով՝ գրանցման փուլ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Գրանցման փուլը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այս փուլում ներկայացված գաղափարների հեղինակները հնարավորություն կունենան խորհրդակցել ժյուրիի փորձառու անդամների հետ և բարելավել իրենց նախագծերը: Առաջին փուլում գրանցված գաղափարների հեղինակներին ևս մեկ առավելություն է սպասվում. կազմակերպիչների կողմից նրանց կտրամադրվեն  սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ դետալները:

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը տեղի կունենան համապատասխանաբար փետրվար և մարտ ամիսներին: Հաղթող նախագծերը կորոշվեն առաջատար ինժեներ մասնագետների կողմից, իսկ հեղինակները կստանան խոշոր դրամական պարգևատրումներ մրցույթի աջակից՝ «Յուքոմ» ընկերության կողմից:
Մրցույթի գրանցման հայտն ու տեխնիկական առաջադրանքները մանրամասն ներկայացված են armrobotics.am կայքում:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն հիմադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Միությունը միավորում է ՏՏ ոլորտի ավելի քան 70 կազմակերպություն: ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի զարգացմանը, բարենպաստ բիզնես միջավայրի բարելավմանը, այդ թվում` ԴիջիԹեք ցուցահանդես, ԴիջիԹեք բիզնես ֆորում, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, Բիզնես Ինովացիոն ֆորում, ԴիջիՔեմփ ամառային տեխնոլոգիական ճամբար, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը, Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման ծրագրիը (ԱրմՌոբոտիքս), ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը և այլն:

«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից:  Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: