Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԻՏՁՄ. տեխնոլոգիական տոնը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին
24/07/2015 17:34

ԻՏՁՄ. տեխնոլոգիական տոնը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաև միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն անցյալ տարի մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի: ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ  40 000 այցելություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարի ԴիջիԹեքն առանձահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ: Բացի այդ, սպասվում է նաև սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցելություն: ԴիջիԹեք էքսպոյի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում նաև իրանական ընկերությունների կողմից, որոնք Հայաստանը դիտարկում են  նաև որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»:

ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև  աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ:

Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Beeline-ը: