Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ԻՏՁՄ. ավելի քան 60 ընկերություն կմասնակցեն ԴիջիԹեք բիզնես ֆորումին
17/06/2015 18:25

ԻՏՁՄ. ավելի քան 60 ընկերություն կմասնակցեն ԴիջիԹեք բիզնես ֆորումին

Հունիսի 19-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց. «ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարևոր միջոցառում է: Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»:

Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության  այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացրեց երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ, ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ և հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում և ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի և մոբայլ առևտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը», – ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական և բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:

Տեխնոլոգիական ֆորումին  մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ՝  ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ:  Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ  «Բիզնես ֆորում կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր «Բիլայն»,  ինչպես նաև  ՀՀ Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «ԷԿԵՆԳ»,  «Գրանթ Թորնթոն», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո» (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» և այլ ընկերություններ: Նախատեսվում է, որ մինչ ֆորումի մեկնարկն ընկերությունների թիվը կհասնի 70-ի, իսկ այցելությունների թիվը կհասնի 3000-ի:

Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով՝

– Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
– Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
– Էլեկտրոնային կառավարում 
– Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
– Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
– ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
– Կիբեր անվտանգություն

Ի դեպ, այս տարի տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտի 10 ընկերությունների անակնկալ է սպասվում: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի այն ընկերություններին, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ն միավորում է ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ. որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով: