Բուհերի ուսանողները հնարավորություն կունենան առանձին խմբերով մասնակցելու հուլիսի 2-4-ը Գյումրիում Tech Week Gyumri 2022 տեխնոլոգիական տոնի շրջանակներում անցկացվող մրցույթներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը և GG ընկերության գլխավոր տնօրեն Քնարիկ Գրիգորյանը կիսվել են միջոցառումների շարքի վերաբերյալ մանրամասներով:
«Այս անգամ տեխնոլոգիական ոգին տանում ենք Հայքի 2-րդ քաղաք՝ Գյումրի՝ մեկ հարկի տակ համախմբելու բոլոր նրանց, ովքեր Հայքի ապագան տեսնում են տեխնոլոգիական զարգացման մեջ»,- նշում է Գրիգորյանը։
Tech Week 2022-ը հարթակ է, որտեղ հնարավորություն կա տեսնելու հայկական ծագումով համաշխարհային հաջողությունների հասած ընկերություններին, լսել նրանց իրական պատմությունները, կրկնել և գերազանցել այդ փորձը։ Կազմակերպիչների համոզմամբ՝ միջոցառումը կարող է ապահովել գիտելիքներ, փորձի փոխանակում: Տեխնոշաբաթը կտա նոր հնարավորություններ՝ բացահայտելու Շիրակի ողջ պոտենցիալն ու ոգևորելու երիտասարդներին՝ կառուցելու սեփական կարիերան հենց իրենց մարզում։
«Մեր նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։ Tech Week Gyumri 2022-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու մեկ միասնական տեխնոհամայնք և նրա միջոցով նպաստելու մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։ Նպատակներից է՝ մարզի երիտասարդների հետ հուլիսի 2-4-ը ընկած ժամանակահատվածը վերածել իսկական տեխնոլոգիական տոնի, ուզում ենք ստեղծել նոր հնարավորություններ և բացահայտենք մեր ողջ ներուժը»,- նշում է Մարիամ Համբարձումյանը։
Վերջինիս խոսքով՝ ցանկություն կար միջոցառումն ավելի մասշտաբային դարձնելու: Բացառում էին Երևանում անցկացնելու տարբերակը, վստահ լինելով, որ ոլորտն արդեն իսկ երևանակենտրոն է: Գյումրին, իրենց դիտարկմամբ, հնարավորությունների տեսանկյունից բավականին զարգացած է: Այս տարի ակնկալում են 3000-ից ավելի մասնակից ունենալ։
GG ընկերության գլխավոր տնօրենը նկատում է՝ Գյումրին Հայաստանի 2-րդ քաղաքն է՝ իր բնակչության թվով և, առհասարակ, մշակութային և քաղաքային կյանքով:
«Քաղաքն ունի տեխնոլոգիական մեծ պոտենցիալ։ Գյումրիում 2014 թվականից գործում է Տեխնոլոգիական կենտրոն, որը ստեղծում է նոր հնարավորություններ ՏՏ ոլորտի զարգացման համար։ Համայնքային համաչափ զարգացում ապահովելու նպատակով կարևոր է բացահայտել տեղում առկա ներուժը, խթանել դրա զարգացումը և, իհարկե, մոտիվացնել երիտասարդությանը»,- ասում է Քնարիկ Գրիգորյանը:
Tech Week Gyumri 2022-ը իրականանալու է հայաստանյան 3 մեգաընկերությունների՝ Instigate Mobile-ի , GG-ի և TCF Armenia-ի շնորհիվ։
Tech Week-ի պատմությունը սկսվել է դեռևս 2019 թվականից: 2020 թվականին պետք է կայանար առաջին տեխնոշաբաթը, որն ինչ-ինչ պատճառներով չկայացավ: «Ինստիգեյթ» ընկերության ներկայացուցիչ Սպարտակ Կյուրեղյանի մոտ միտք էր առաջացել կազմակերպել ոլորտային միջոցառումների շարք Երևանից դուրս: 2021 թվականին միացան 3 ընկերություններ և կայացավ մասշտաբային Tech Week Artsakh-ը:
ՏՏ համայնքը համախմբելու նպատակով անցկացվող Tech week-ում կլինեն պանելային քննարկումներ, տարբեր մրցույթներ, աշխատանքի տոնավաճառ, «Կորիզ» գաղափարների մրցույթ: Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ, UI և UX դիզայն, բրենդինգ, ստարտափեր և մոտիվացիա , ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն, արհեստական բանականություն, Եվ այն ամենն, ինչը կապված է Հայաստանում թվային ոլորտի զարգացման հետ. առանձնացվել են նաև այս տարվա քննարկվելիք թեմաները:
«Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում իրար կհաջորդեն մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, «Կորիզ» գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:
Այս տարի «Կորիզ» գաղափարների մրցույթը պետք է նպաստի Շիրակի մարզի զարգացմանը։ Մասնակիցները պետք է ներկայացնեն տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն և այլ ոլորտների բիզնես գաղափարներ»,- առանձնացրեց Գրիգորյանը:
TCF ընկերության համահիմնադիրն անկեղծանում է՝ ամեն տարի փորձում են տեխնոշաբաթը յուրահատկություններով համալրել: Այս տարի ունենալու են բիզնեսխնդիրների լուծման մրցույթ, որին մասնակից են դարձնելու նաև բուհերի ուսանողներին:
«Ընկերություններն առաջադրելու են բիզնեսխնդիրներ, որոնց շուրջ աշխատելու են տարբեր բուհերի ուսանողներից կազմված թիմեր: Ընկերությունների համար ուսանողները խնդիր են լուծելու: Լավագույն թիմերը կունենան մրցանակներ, ընկերություններին միանալու կամ ինթերշիփ անցնելու հնարավորություն»,- նշեց Համբարձումյանը:
Մրցույթներն այսքանով չեն սահմանափակվում: Վստահեցնում են՝ անակնկալներ ևս լինելու են: Կարևորում են նաև նեթվորքինգը:
«Երբ լսում ես ամերիկյան հաջողության պատմություն, ամեն ինչ այնքան հեռու է թվում։ Հետո տեսնում ես միջազգային ճանաչում ունեցող քո հայրենակիցների հիմնադրած ընկերությունները, որոնք հիմնադրել են ԵՊՀ-ի կիրառականն ավարտած մարդիկ: Հասկանում ես, որ դու ևս կարող ես հայրենիքում մնալով կերտել այն ինչ, երազում ես»,- ասաց Համբարձումյանը:
Գյումրին տեխնոշաբաթի իր հյուրերին դիմավորելու է ռոք համերգով: Մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց հետ բերել անսպառ էներգիա և 3 օր շարունակ շնչել ու ապրել Tech Week-ի ամեն մի զարկի հետ։
Միջոցառման գործընկերներն են ՏՏ ոլորտի 40-ից ավելի ընկերություններ։ Ելույթներով հանդես կգան ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչներ:
Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Միջոցառումը կկայանա Գյումրու Դրամատիկական թատրոնում։
Կարինե Տերտերյան
Հայկական Activeloop ստարտափը11 միլիոն դոլար է ֆինանսավորում է ապահովել Series A ռաունդում։ Դավիթ Բունիաթյանի հիմնադրած ստարտափն առաջարկում է հատուկ տվյալների…
Hoory AI-ը Product Hunt-ում է։ Հայկական ստարտափի օգտին կարող եք քվեարկել այստեղ: Ձեր աջակցությունն ու մասնակցությունը շատ կարևոր են մեզ…
Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունը Business Intelligence Group-ի կողմից արժանացել է արհեստական բանականության գերազանցության 2024-ի մրցանակի: Cognize-ը փաստաթղթերի կառավարման ավտոմատացման…
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում…
Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։ Երևանի մետրոյում, որտեղ…
Հետաքրքրվա՞ծ եք Webflow ծրագրով կամ ցանկանում եք իմանալ, թե դա ինչ է, ուրեմն բաց մի թողեք Webflow դասընթացի տեղեկատվական օրը,…