Geek.am: Փոխըմբռնման հուշագիր՝ IMEC գիտահետազոտական կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև Փոխըմբռնման հուշագիր՝ IMEC գիտահետազոտական կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև ================================================================================ Geeknews on 22:41 | 4 Մար 2019 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում: Կառավարության ղեկավարն այսօր այցելել է Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվենի կրթական, գիտահետազոտական հաստատություններ: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ: ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը: Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Այն ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: