Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ շուրջ 40 զորացրված երիտասարդի համար
20/02/2017 22:50

Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ շուրջ 40 զորացրված երիտասարդի համար

Սիներջի ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի աջակցման համար:   «Շատ ուրախ ենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունը՝ ի դեմս Սիներջի ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում», նշել է Կ. Վարդանյանը: Նա նաև կարևորել է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:

Խոսելով դասընթացի մասնակից երիտասարդների հետ Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշել է. «Մեր թիմը բարձր է գնահատում հայրենքի պաշտպանության ձեր ներդրումը և ցանկանում ենք ձեզ աջակցել մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում»։

Սիներջի ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Նշենք, որ Սիներջին մասնագիտացված է կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ապահովման մեջ: Ընկերության լուծումները կիրառվում են 60-ից ավել երկրներում արդեն շուրջ 20 տարի: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում, Արցախում և Գյումրիում: Սիներջին ԻՏՁՄ-ին անդամակցում է 2009-ից:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ԻՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հաջողությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը: Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդների համար Երևանում և մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Այս պահին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի: