Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկեց «Բաց խաղ»  համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը
03/04/2015 20:07

Մեկնարկեց «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 5-րդ առաջնությունը

Այսօր մեկնարկեց  «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը, որն արդեն 5 տարի շարունակ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և  Օրանժ Արմենիա ընկերության կողմից: Առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ՏՏ ոլորտում ունենալ «Made in Armenia» բրենդ և դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և խրախուսելու վերջիններիս շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց. «Այս առաջնությունը նախատեսված է ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների, այլ նաև երաժիշտների, սցենարիստների, դիզայներների, անիմատորների և այլ մասնագետների համար: Սա հնարավորություն է, որպեսզի տարբեր մասնագետներ միավորվեն և իրենց թիմային աշխատանքի ու հետաքրքիր լուծումների շնորհիվ դուրս գան միջազգային շուկա: Մենք կոչ ենք անում նաև խաղերի ինդուստրիայի խոշոր ընկերություններին նույնպես մասնակցել այս առաջնությանը՝ ոլորտի զարգացմանը նպաստելու համար»:

«Ուրախ ենք ազդարարել արեն 5-րդ «Բաց Խաղ» առաջնության մեկնարկը: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ստեղծագործ գաղափարներ ու նախագծեր են կյանքի կոչվել, և բացահայտվել են շատ երիտասարդ տաղանդներ: Հպարտ ենք մեր մասնակցությունն ունենալ այս ոլորտի երիտասարդ մասնագետների ապագա հաջողություններում: Արդեն ունենք լավ օրինակներ. Հարություն Ամիրխանյանը, ով արժանացավ «Բաց Խաղ 2014»-ի Orange-ի հատուկ մրցանակին, այս պահին Orange Խմբի` հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում անցնում է մասնագիտական պրակտիկա՝ իր ստեղծված խաղն ինտեգրելով Orange-ի ցանցային պլատֆորմի վրա», ասաց Օրանժ Արմենիայի Բերնդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:

Այս տարի մրցույթում ներկայացված են  երկու տարիքային խմբեր՝ մինչև 18 և 18 տարեկանից բարձր: Մինչև 18 տարեկան մասնակիցները կմրցեն հետևյալ անվանակարգերում. «Լավագույն խաղ», «Լավագույն դիզայն», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Ժողովրդական մրցանակ», որն իր մեջ կներառի նաև բոլոր տարիքային խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները: Իսկ 18 տարեկանից բարձր մասնակիցները՝ «Լավագույն խաղ», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Լավագույն Game Play» (սցենար), «Լավագույն դիզայն», և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում:

«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն  անցկացվում է 4 փուլով, որի ընթացքում  մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր:

Տոնելով իր 5 ամյակը՝ այս տարի «Բաց Խաղ» առաջնությունն իր մասնակիցներին հնարավորություն կընձեռի մասնակցել հեքեթոնների, մասնագիտական հանդիպում- քննարկումների: Յուրաքանչյուր փուլի վերջում նախատեսվում է անցկացնել դասընթացներ՝ նվիրված համակարգչային և բջջային խաղերի դիզայնին, նախագծմանը, ինչպես նաև մասնագետների հետ քննարկումներ ոլորտի նորությունների և պահանջների վերաբերյալ:

Գրանցման հայտն անհրաժեշտ է լրացնել www.opengame.am կայքում՝ մինչև հոկտեմբերի 10-ը: