Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայաստանում կբացվի ՏՏ ոլորտի խոշորագույն Oracle ընկերության ներկայացուցչությունը
29/07/2014 20:09

Հայաստանում կբացվի ՏՏ ոլորտի խոշորագույն Oracle ընկերության ներկայացուցչությունը

Ծրագրավորման ոլորտում աշխարհում երկրորդ խոշորագույն «Օրաքլ» (Oracle) ընկերության մուտքը Հայաստան կարևոր նախադրյալ կարող է հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Օրաքլ» օգտատերերի հայկական խմբի առաջին խորհրդաժողովը Հայաստանում, որին ներկա էին նաև «Օրաքլ» DB և Java օգտատերերի հայկական խմբի հիմնադիր-նախագահ Ռիչարդ Բեզջյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզը, ոլորտի մասնագետներ և գործարարներ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ ՀՀ կառավարության և «Օրաքլ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Առաջին քայլը պետք է լինի Հայաստանում ներկայացուցչության բացումը, որն ակնկալվում է մոտ ապագայում:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Ներկայումս պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, արտահանման և ներդրումների ծավալի մեծացման, ձեռներեցությունների խթանման և սկսնակ ընկերությունների ձևավորման աջակցման, աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Կառավարությունն էապես կարևորում է ՏՏ ոլորտում վերազգային կազմակերպությունների և գործարար կապերի ամրապնդմանը»,- ասաց Տարասյանը: «Օրաքլ» օգտատերերի հայկական խմբի նախագահ Ռիչարդ Բեզջյանն իր հերթին ներկայացրեց տվյալների բազայի և Java օգտատերերի հատուկ խմբերի ստեղծման մասին ընկերության տեսլականը: «Մենք պատրաստ ենք համագործակցել հայաստանյան բոլոր կազմակերպությունների հետ: Բերել նոր արտադրանք և նոր գաղափարներ հայկական շուկա: Մեր նպատակն է կամուրջ հանդիսանալ հայկական և համաշխարհային օգտատերերի խմբերի միջև»,- ասաց նա:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի գնահատմամբ` Հայաստանի ապագան գիտելիքահենք տնտեսությունն է, և թվային կապերն էական դեր ունեն մեր երկրի համար: «Ինձ համար և համոզված եմ` նաև ինձ հաջորդող դեսպանի գերակայությունն է լինելու խորացնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, ստեղծել նոր աշխատատեղեր ու տնտեսական հնարավորություններ հայ ժողովրդի համար»,-նշեց ԱՄՆ դեսպանը:

Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումների համար ՀՀ կառավարության կողմից Գերազանցության պատվոգիր շնորհվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի կողմից` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:

 

Աղբյուրը՝ artsakhpress.am