Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ահա և վերջ. Microsoft-ը գնում է Nokia-ն
03/09/2013 10:34

Ահա և վերջ. Microsoft-ը գնում է Nokia-ն

Microsoft կորպորացիան 7.2 միլիարդ դոլարով գնում է Nokia-յի բջջային բիզնեսը: Սպասվում է, որ գործարքի իրագործումը կավարտվի 2014թ.-ի սկզբին: Մինչ այդ, գործարքը պետք է հավանության արժանանա Nokia-յի բաժնետերերի և կարգավորող մարմինների կողմից: Նշվում է, որ բջջային բիզնեսի վաճառքից հետո Nokia ընկերությունը կզբաղվի քարտեզների և նավիգացիոն համակարգերի մշակմամբ և ստեղծմամբ:

Այն մասին, որ Microsoft-ը ցանկանում է ձեռք բերել Nokia-յի բջջային բիզնեսը հայտնի էր դարձել դեռևս այս տարվա հունիս ամսին: Սակայն կողմերը երկար ժամանակ սակարկում էին գործարքի գնի շուրջ:

Հիշեցնենք, որ Nokia-ն և Microsoft-ը 2011թ.-ից համագործակքում են բջջային հեռախոսների և մասնավորապես սմարթֆոնների արտադրության ոլորտում: Nokia-յի սմարթֆոնները համալրվում են Windows Mobile օպերացիոն համակարգով: 

Նշենք նաև, որ երկու ընկերություններն էլ այժմ բջջային շուկայի հետնապահներից են: Վերջին մի քանի տարիների ընթացքում Nokia-ն շատ արագ կորցրեց բջջային շուկայի իր առաջատար դիրքերը: Ընկերությունը փորձում էր ստեղծել իր սեփական բջջային օպերացիոն համակարգը (Symbian): Սակայն այս ծրագիրը ձախողվեց, քանի որ նոր համակարգը չկարողացավ մրցակցել Android-ի և iOS-ի հետ: Microsoft-ը նույնպես չի կարողանում մեծ հաջողությունների հասնել սմարթֆոնների շուկայում: Ի տարբերություն անձնական համակարգիչների, որոնք ամբողջ աշխարհում մեծամասամբ գործում են Microsoft-ի օպերացիոն համակարգերով, սմարթֆոնների շուկայում Microsoft-ի օպերացիոն համակարգերը զգալիորեն զիջում են մրցակիցներին:

Վերջին երկու տարիներին Microsoft-ը և Nokia-ն փորձում էին, միասին համագործակցելով, ամրապնդել իրենց դիրքերը սմարթֆոնների շուկայում: Իհարկե որոշակի հաջողություններ արձանագրվել են, սակայն նրանք դեռևս շատ հետ են առաջատարներից: Կլանելով Nokia-ն` Microsoft-ը հույս ունի ավելի արագ տեմպերով ամրապնդել իր դիրքերը սմարթֆոնների շուկայում:

Տեսնենք թե այս ամենից ինչ դուրս կգա: Ցավալին այն է, որ Nokia-ն, որպես բրենդ կարծես թե անցնում է պատմության գիրկը: