Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կասպերսկի. Դարքնետում մեկ րոպեանոց դիփֆեյք-տեսանյութի ստեղծումն արժե 300-ից 20 հազար դոլար
23/05/2023 14:10

Կասպերսկի. Դարքնետում մեկ րոպեանոց դիփֆեյք-տեսանյութի ստեղծումն արժե 300-ից 20 հազար դոլար

 «Կասպերսկի» ընկերության փորձագետները դարքնետի ֆորումներում վերլուծել են դիփֆեյք (իրականին մոտ կեղծիք) հոլովակների ստեղծման ծառայությունների առաջարկներով հայտարարությունները: Դատելով հրապարակված հաղորդագրություններից՝ նման տեսանյութի մեկ րոպեի ստեղծման արժեքը կազմում է 300-ից 20 հազար ԱՄՆ դոլար:

Դիփֆեյքերը կարող են ստեղծվել տարբեր՝ սկամ-սխեմաներում, քաղաքական մեքենայություններում, վրեժի և կիբեռբուլինգի համար օգտագործելու նպատակներով։ Ընդ որում, այսօր իսկապես համոզիչ կեղծիքներ ստեղծելու համար պահանջվում է տեխնիկական փորձ և ժամանակակից ծրագրային ապահովում։ Դարքնետում համապատասխան ծառայությունների և գործիքների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը: Դիփֆեյքեր ստեղծելու կամ ձեռք բերելու գները կարող են տարբերվել՝ կախված նախագծի բարդությունից և վերջնական պրոդուկտի որակից:

Վերլուծության ենթարկված հայտարարությունների զգալի թվում առաջարկվում են կրիպտոխարդության համար դիփֆեյքերի ստեղծման ծառայություններ: Խոսքն, այսպես կոչված, կրիպտոհեռարձակումների կամ կրիպտոարժույթների կեղծ խաղարկությունների մասին է։ Սա հայտնի սկամ-սխեմա է, որի շրջանակում չարագործները դրդում են դիտողներին փոխանցել իրենց կրիպտոարժույթը։ Խարդախները դրա համար օգտագործում են հայտնի մարդկանցով կեղծ տեսանյութեր կամ միավորում են հին տեսագրությունները՝ սոցիալական ցանցերի հարթակներում ուղիղ հեռարձակումներ գործարկելու համար: Նրանք սովորաբար խոստանում են կրկնապատկել ուղարկված վճարումը: Եթե մարդը հավատա չարագործին, ապա մեծ գումար կորցնելու ռիսկի կդիմի։

Վաճառողները դարքնետում առաջարկում են նաև պոռնկագրական տեսանյութեր ստեղծելու ծառայություններ, իսկ ոմանք մշակում են նման հոլովակներ գեներացնելու հրահանգներ: Ցավոք, նման դիփֆեյքերը կարող են օգտագործվել նաև հետապնդման և շանտաժի համար։

«Դիփֆեյք-տեխնոլոգիաներն ինքնին ոչ վատն են, ոչ էլ՝ լավը: Կարևորն այն է, թե ինչպես և ինչ նպատակով են մարդիկ օգտագործում դրանք։ Մենք տեսնում ենք, որ չարագործները գնալով ավելի հաճախ են դրանք կիրառում տարբեր խաբեություններ, այդ թվում՝ ֆինանսական խարդախություններ իրականացնելու համար։ Քանի որ տեխնոլոգիան շարունակում է զարգանալ և ավելի ու ավելի մատչելի դառնալ, չափազանց կարևոր է, որ ընկերություններն ու անհատ օգտատերերը որոշակի քայլեր ձեռնարկեն դիփֆեյքերի հետ կապված թվային գրոհներից պաշտպանվելու համար: Այսօր պաշտպանության հիմնական կանոնը ցանցում ցանկացած տեղեկատվությանը քննադատաբար վերաբերվելն ու թվային գրագիտությունը բարձրացնելն է: Հաշվի առնելով, որ դիփֆեյքերը կարող են օգտագործվել ընկերությունների վրա թիրախային գրոհներում՝ բիզնեսը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի աշխատակիցներին համացանցում անվտանգ վարքագծի հիմունքներն ուսուցանելուն: Անհատ օգտատերերին խորհուրդ ենք տալիս նաև օգտագործել պաշտպանական լուծումներ, որոնք թույլ չեն տա անցնել ֆիշինգային կամ սկամ-ռեսուրս»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տվյալների առաջատար հետազոտող Վլադիսլավ Տուշկանովը: