Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Կասպերսկի»-ն 2022-ին կանխել է ֆիշինգային հղումներով անցնելու գրեթե կրկնակի ավելի՝ ավելի քան կես միլիարդ փորձ
14/03/2023 11:32

«Կասպերսկի»-ն 2022-ին կանխել է ֆիշինգային հղումներով անցնելու գրեթե կրկնակի ավելի՝ ավելի քան կես միլիարդ փորձ

«Կասպերսկի» ընկերության պաշտպանական լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2022- ին կանխել է ֆիշինգային հղումներով անցնելու 507 851 735 փորձ, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021-ին։

Ընկերությունը հայտնում է, որ ֆիշինգային հղումներով անցումներն ամենից հաճախ արգելափակվել են Վիետնամի օգտատերերի սարքերում (17,03%). 2021-ին այդ երկիրը չի եղել ամենաշատ գրոհի ենթարկված երկրների և տարածքների առաջին տասնյակում։ Երկրորդ տեղում Մակաոն է (13,88%), որը նույնպես բացակայել է 2021-ի վարկանիշում։ Երրորդ տեղում Մադագասկարն է (12,04%), որը 2021-ին յոթերորդ հորիզոնականում էր։ Վիետնամից և Մակաոյից բացի, ամենաշատը գրոհների ենթարկված երկրների և տարածքների առաջին հորիզոնականներում հայտնվել են Ալժիրը (11,05%), Մալավին (10,91%) և Մարոկկոն (10,43%): Հինգերորդ տեղ է բարձրացել Էկվադորը (11,05%), իսկ Բրունեյը (10,59%) իջել է մեկ հորիզոնականով ՝ մինչև յոթերորդ: Բրազիլիան (10,57%) և Պորտուգալիան (10,33%) առաջին և երրորդ տեղերից տեղափոխվել են, համապատասխանաբար, ութերորդ և տասներորդ տեղեր, իսկ Ֆրանսիան, որը 2021-ին երկրորդ տեղում էր, լքել է TOP 10-ը։

Ինչպես նախորդ տարիներին, ֆիշինգային էջերի մեծ մասը տեղակայված է եղել COM դոմենային գոտում, սակայն դրա մասնաբաժինը կրճատվել է գրեթե կրկնակի՝ 31,55-ից  հասնելով 17,69%-ի։ Երկրորդ տեղում է մնացել XYZ գոտին (8,79%), որի մասնաբաժինը նույնպես նվազել է։ Ըստ չարագործների շրջանում ժողովրդականության երրորդն է դարձել FUN դոմենը (7,85%), որը նախկինում չի գրավել նրանց ուշադրությունը։ Դոմենն ասոցացվում է ժամանցային բովանդակության հետ. հնարավոր է, որ խարդախներին հենց դա է գրավել։ Չորրորդ և հինգերորդ տեղերում են մնացել ORG (3,89%) և TOP (1,80%) դոմենները, որոնք տեղերով փոխվել են 2021-ի համեմատ։ Բացի այդ, կիբեռհանցագործների շրջանում ամենապահանջված դոմենային գոտիների տասնյակում տեղ են գտել որոշ երկրների դոմենային գոտիներ. RU (1,52%), COM.BR (1,13), DE (0,98%), CO.UK (0,98%) և SE (0,92%):

2022-ին «Հակաֆիշինգ»-ի արգելափակած ֆիշինգային հղումներով անցնելու փորձերի ամենամեծ մասը կապված է եղել առաքման ծառայությունները նմանակող էջերի հետ (27,38%)։ Առցանց խանութները (15,56%), որոնք համավարակի ժամանակ ժողովրդականություն են ձեռք բերել չարագործների շրջանում, հայտնվել են երկրորդ տեղում։ Իսկ վճարային համակարգերը (10,39%) և բանկերը (10,39%) զբաղեցրել են, համապատասխանաբար, երրորդ և չորրորդ տեղերը։

2022-ին «Կասպերսկի» ընկերության մոբայլ լուծումը արգելափակել է մեսենջերներից ֆիշինգային հղումներով անցնելու 360 185 փորձ։ Դրանցից 82,71%-ը կազմել են WhatsApp-ից անցումները, 14,12%-ը ՝ Telegram-ից և ևս 3,17%-ը՝ Viber-ից անցումները։