Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային
20/09/2017 18:38

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այցի ընթացքում նրանք զրուցել են ինժեներությամբ հետաքրքրվող դպրոցականների հետ, ոգեշնչել նրանց ու կարևորել խելացի և ստեղծարար դպրոցականների դերը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի կերտման գործում:

ԻՏՁՄ-ի և Beeline-ի աշխատակիցները թիվ 173 դպրոցի «Արմաթ» սաներին հանձնել են Beeline-ի WiFi սարքավորումներ. վերաձևափոխելով այս սարքավորումները կամ օգտագործելով առանձին մասերը՝ դպրոցականները էլեկտրոնիկայի տարբեր խնդիրներ կլուծեն, կվերափոխեն ռոբոտները, իսկ ստացված լավագույն լուծումները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կներկայացվեն ԴիջիԹեք ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում: Ի դեպ, այս լաբորատորիայի խմբավարը ԻՏՁՄ-ի կողմից իրականացվող «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակից Հրայր Մարտիրոսյանն է, ով զորացրվելուց հետո վերապատրաստման դասընթացների է հաճախում ԻՏՁՄ-ում և արդեն դասավանդում է արմաթցիներին:

«Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, նշում է, որ չափազանց կարևոր է տեխնոլոգիական ընկերությունների աջակցողական այս մոտեցումը: Երիտասարդների կողմից մեծ հետաքրքրություն կա էլեկտրոնիկայի, ռոբոտոտեխնիկայի և, առհասարակ, ՏՏ ոլորտի նկատմամբ, իսկ կրթական գործընթացի համար մեզ անհրաժեշտ են գործածությունից դուրս եկած սարքավորումներ, որպեսզի դպրոցականներն ազատ օգտագործեն դրանք ուսումնական գործընթացում:

«Ապագա մեծ հաղթանակները սկսվում են փոքր քայլերից: Այսօր մենք աջակցում ենք այս երիտասարդների առաջին քայլերին, որից հետո նրանց առջև երկար ճանապարհ է բացվելու: Հուսով եմ, այս դասերի ընթացքում ձեռք բերած գիտելիքները կօգնեն նրանց մեծ հաջողությունների հասնել ապագայում և փոխել կյանքը երկրում դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Նշենք, որ դեռևս ամռանը Beeline-ը, աջակցելով դպրոցականների ուսուցման գործընթացին, հայտարարել էր, որ ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում է նվիրաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին:

«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:

————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: