Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են տներ կառուցել
19/05/2015 18:10

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են տներ կառուցել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը, միասնական ուժերով՝ շարունակում են բնակարանաշինությունը Հայաստանի մարզերում: Այս անգամ թիմերը Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մասնակցել են Բաբաջանյանների  կիսակառույց տան շինարարությանը, կատարել բետոնապատման աշխատանքներ:

«Ես հեքիաթների չեմ հավատում, բայց սա իսկական հեքիաթ է: Քանի տարի է ընտանիքս ապրում է այս կիսակառույց տան խոնավ ու մութ  նկուղում՝ առանց տարրական հարմարությունների: Հիմա, երբ տեսնում եմ, որ տուն ունենալու իմ համառ ու անիրական թվացող երազանքը աչքիս առաջ իրականություն է դառնում, ինչպե՜ս չհավատամ հեքիաթներին»,-ասել է ընտանիքի հայրը՝ Գագիկ Բաբաջանյանը:

Այս գյուղը մեկն է Հայաստանի մի շարք գյուղերից, որտեղ բնակարանաշինությունը ոչ միայն կենսական,այլև ռազմավարական անհրաժեշտություն է: Խաչիկի թիկունքում սահմանն է, շատ տներ վթարային են: Այստեղից  արտագաղթը կանխելու միջոցներից են ամուր տանիքն ու կենցաղային բավարար պայմանները:

«Մի եղիր անտարբեր: Շուրջ տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ոչ պատահականորեն,  առաջնորդվում է այս կարգախոսով: Անտարբերությունը չարիք է ծնում, իսկ հոգատարությունը՝ սեր, հավատ, ուժ, ապրելու և ստեղծագործելու մեծ ցանկություն: Այսօր, առավել քան երբևէ՝ այդ մոտեցումը կարևոր է մեր ազգի համար: Անհաշտ հարևանի հետ երկար սահմանագիծ ունեցող երկրի բնակիչը պետք է վստահ լինի, որ իր թիկունքում էլ կանգնած մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել և ամրացնել լավ ապագայի հավատը: Քարը քարին դնել պատրաստվող կամավորների այս խումբն այդ հավատը սերմանելու համար է նաև այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք  ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Մ՞իթե կա ավելի հաճելի բան, քան սեփական հողում սեփական տուն ունենալը: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը. կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում 2008թ.-ին  չորս  տուն է  կառուցվել և վերանորոգվել: Հայաստանի տասը մարզում այս տարի բնակարանաշինության ծրագրով կվերանորոգվի և ավարտին կհասցվի 40 տուն:  Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը  100 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ-ին` 55մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է ծրագրի իրականացումը: Հաջողված համագործակցության շնորհիվ՝ 53 ընտանիք ապահով կացարան ունի: Այս տարի ևս 40 ընտանիք կհամալրի այս ցուցակը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 362 ընտանիքների: