Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google I/O 2014 կոնֆերանսի առաջին օրվա գլխավոր նորությունները
26/06/2014 15:59

Google I/O 2014 կոնֆերանսի առաջին օրվա գլխավոր նորությունները

Google I/O 2014 կոնֆերանսը, ինչպես և սպասվում էր, հագեցած էր նորություններով: Ընդամենը 3 ժամվա ընթացքում ընկերությունն այնքան նոր ծրագրեր ներկայացրեց, որ բավականին բարդ է կողմնորոշվել, թե որտեղից սկսել: Այնուամենայնիվ, փորձենք հակիրճ ներկայացնել գործարկվող մի քանի նոր ծրագրեր: 

Առաջին նորությունը, որ ցանկանում ենք ներկայացնել Ձեր ուշադրությանը, Android օպերացիոն համակարգի L տարբերակն է: Անվանման վերաբերյալ ոչինչ ասել չենք կարող, սակայն կարելի է խոսել միանգամայն նոր դիզայնի և մի շարք թարմացումների մասին, որոնցով համալրվել է նոր համակարգը:  

Հաջորդ մեծ քայլը դեպի նոր տեխնոլոգիաների դարաշրջան Android Auto համակարգն է, որը կարելի է համարել Open Automotive Alliance խմբի անդամների համատեղ աշխատանքը: Ներդնելով համակարգը՝ Android սարքերից օգտվող մարդիկ ավտոմեքենայում կարող են օգտագործել սիրելի հավելվածները: 

Android TV-ն Google-ի փորձն է նվաճելու տան հյուրասենյակը: Սիրելի հավելվածները, Android խաղերն ու մյուս ծառայություններն անփոխարինելի կդարձնեն Android TV ժամանցային հարթակը: 

Google-ն այս տարի ավելի վաղ հասցրել է պաշտոնապես ներկայացնել Android Wear հարթակը, իսկ Google I/O կոնֆերանսի շրջանակներում ներկայացվեց, թե ինչպես է այն աշխատելու և թե երբ է մեկնարկելու Android Wear ծրագրային հիմքով առաջին սարքերի վաճառքը:

Եվս մեկ նորություն է Android One հարթակը, որն, ամենայն հավանականությամբ, որպես ծրագրային հարթակ կծառայի համեմատաբար ավելի մատչելի սմարթֆոնների համար: Առաջնահերթ այն ներկայացվելու է Հնդկաստանում: 

Եվ վերջապես նշենք այն մասին, որ շատ շուտով Android հավելվածները հնարավոր կլինի օգտագործել նաև Chromebook-ներում: Երկու՝ Chrome OS և Android հարթակների միավորումն, անկասկած, շատ բարձր կգնահատվի օգտատերերի կողմից:  

Ահա և կոնֆերանսի առաջին օրվա գլխավոր նորությունների կրճատ նկարագիրը: Համոզված ենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է: