Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Նիկոլ Փաշինյան. ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է
23/05/2018 19:21

Նիկոլ Փաշինյան. ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի գործիք է, որն ընդլայնում է հնարավորինի և ավելի նեղացնում անհնարինի սահմանը: Կարծում եմ, որ Հայաստանում այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկությունը հենց դա է՝ անհնարը մեզ համար գնալով ավելի ու ավելի հնարավոր է դառնում, և հնարավորի սահմաններն ավելի ու ավելի են ընդլայնվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա ընթացիկ շրջանի ամենակարևոր գաղափարական խնդիրն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը երկար տարիներ արգելակվել է «անհնարինություն» վերնագրված պատնեշների առաջ:

«Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը: Մենք սկսել ենք հնարավորինի սահմանների ընդլայնման գործընթացը, պետք է շարունակենք այն և այդ հարցում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, և հայ ժողովուրդը պետք է ունենան առաջամարտիկի դերակատարում: Այո՛, այսօր աշխարհը մեզ նայում է որպես առաջամարտիկի, և մենք նորանոր նվաճումներով պետք է հաճելի անակնկալներ մատուցենք աշխարհին, մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը: Շնորհակալ եմ այս գործում Հայաստանին, հայ ժողովրդին աջակցելու ձեր պատրաստակամության և վճռականության համար»,- դիմելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը: