Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել
25/02/2018 18:49

ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT) Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Այս մասին փետրվարի 24-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Այդ երազանքն իրականություն կդառնա 2019 թվականին:

Հայաստանը կհյուրընկալի իր ծավալներով, ներկայացուցչականությամբ, վարկանիշով շատ հավակնոտ ու մասշտաբային միջոցառումը: Վարդանյանի խոսքով՝ քանի որ միջոցառումն իր ծավալներով Հայաստանում նախադեպը չի ունեցել, ԻՏՄՁ թիմը դիտարկել է Հնդկաստանում՝ այս տարի, Թայվանում, Բրազիլիայում՝ նախորդ տարիների համաժողովի կազմակերպումն ու անցկացումը և յուրացրել փորձը, հետևություն արել թերություններից:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք լավագույն կոնգրեսը կազմակերպել: Իհարկե, պատասխանատվությունը մեծ կլինի, սովորաբար մասնակցում են 2500 խոշոր ընկերությունների տնօրեններ, համալսարանների ղեկավարեր, առաջատար մասնագետներ: Խոշոր երկրները ներքին ռեսուրս ունեն, մասնակիցների մեծ մասը հենց այդ երկրների ներկայացուցիչներ են, սակայն քանի որ Հայաստանում ներքին ռեսուրսն այնքան էլ մեծ չէ, պետք է ներգրավենք ողջ աշխարհը»,-նկատեց Վարդանյանը:

Հայ կազմակերպիչները հետևություններ են արել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդի հարցը, ինչպիսի b2b գործիքներ կիրառել, որ շփումները լավ լինեն: ԻՏՄՁ թիմը պատրաստվում է իրենց յուրացրած փորձը կիրառել ու լավագույնս կազմակերպել համաժողովը: Մինչև այժմ արդեն պատրաստել են բյուջեն, գործողությունների ծրագիրը, հովանավորչական փաթեթները, դիզայն են արել էջը, դիզայն են անում b2b պորտալը:

Կազմակերպիչները համոզված են, որ Երևան գալիս հյուրերը պետք է պատրաստ լինեն խորը պայմանավորվածությունների և պայմանագրերի, դրա համար նրանց ավելի շուտ հասանելի կլինի b2b պորտալը: Վարդանյանը տեղեկացրեց, որ ստեղծված է կառավարական հանձնաժողով: Հնդկաստանի համաժողովից հետո լիարժեք նիստ կգումարվի, ձեռքբերած փորձը կներկայացնեն նաև հանձնաժողովին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը նշեց, որ երկրի տեսանելիության և ճանաչելիության բարձրացման տեսանկյունից համաժողովի՝ Հայաստանում անցկացումը մեծ ձեռքբերում կլինի: «Համաշխարհային ներկայացվածությամբ միջոցառումներին շատ կարևոր է մեր երկրի մասնակցությունը: Հայաստանը կարող է առաջարկել խոշոր, մրցունակ, ուսուցողական և կրթական ծրագրեր, որոնք ունեն մեծ պահանջարկ: Գործարար կապերի ընդլայնումը և գործարար կապերի ընդլայնումը շատ կարևոր է Հայաստանի համար: Աշխարհը շատ արագ փոխվում է իսկ ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը փոխվում է շատ ավելի արագ: Փորձի, գիտելիքի փոխանակումը կարևոր է շուկաների հասանելիության և ներքին ռեսուրսների զարգացման համար: Հյուրընկալելով համաշխարհային IT ֆորումը Հայաստանում նպատակ ունենք խթանելու գործարար կապերը և նոր շուկաների հասանելիությունը: Բազմաթիվ տեղերում խոսվել է Հայաստանի՝ որպես կամուրջ լինելու մասին՝ ԵԱՏՄ-ի, Իրանի, Եվրամիության, ինչու ոչ նաև ԱՄՆ-ի միջև. կարծում ենք, որ ՏՏ ոլորտն ու Հայաստանում արտադրվող ծառայությունները կարող են լինել կենսունակ կամուրջ տարբեր շուկաների միջև»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:

Փետրվարի 19-21-ը Հնդկաստանում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT), որի ավարտին Հնդկաստանը էստաֆետը փոխանցեց Հայաստանին՝ WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքները մեկնարկելու համար:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ տեսնելով, թե Հնդկաստանն ինչպես է պատրաստվել, ակնհայտ է, որ Հայաստանն էլ պետք է փորձի կազմակերպական և նախապատրաստական լուրջ աշխատանք կատարել:

«Մենք կունենանք մեր երկրի պոտենցիալը ցուցադրելու և ներդրումներ ներգրավելու հնարավորություն»,-ասաց Եսայանը, ով ընտրվել է World Information Technology and Services Alliance-ի տնօրենների խորհրդի անդամ: Այդ իրադարձությունը Հայաստանի տեխնոլոգիական հանրության համար ևս մեկ կարևոր ուղերձ էր և մեծ պատիվ: