Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին
08/02/2018 17:09

Լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի ծրագրավորողներին

Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը Գյումրիում հայտարարել է նոր գործի մեկնարկի մասին. լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի մասնագետներին ու ստարտափերին։ «Blue Idea» ընկերությունը լեհական շուկայի համար արդեն մշակել է մարքեթինգի եւ PR ռազմավարություն՝ Հայաստանի տնտեսական ներուժը, ընկերությունը և այս նախաձեռնությունը ներկայացնելու համար: Ավելի ուշ սպասվում է «Blue Idea» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացումը։

Այժմ Լեհաստանում արագորեն աճում է ՏՏ ոլորտը, երկրում շատ են որակյալ ծրագրավորողները, սակայն շուկան շարունակում է մասնագետների մեծ պահանջարկ ձևավորել, ուստի, լեհական ընկերությունները հետաքրքրված են իրենց նախագծերի մի մասը արտերկրի մասնագետներին պատվիրելու հարցով։ Նպատակ ունենալով աջակցել երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, «Blue Idea»-ն նախաձեռնել է լեհական և հայաստանյան ՏՏ ընկերությունների միջանկյալ օղակի դերը։

ՀԶՀ ներկայացուցիչ Լուկաշ Վալերյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հանդիպումներ է  ունեցել մարզպետ Արթուր Խաչատրյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

«Լեհաստանում զարգանում է ՏՏ ոլորտը և երկրում ծրագրավորողների ու մասնագետների պակաս կա։ Ես, որպես ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ և իմ ղեկավարած «Blue Idea» ընկերությունը, որպես միջանկյալ օղակ, թիմ, հավաքագրելու ենք լեհական ՏՏ ընկերությունների նախագծերը և, որպես պատվերներ, փոխանցելու ենք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող բարձրակարգ մասնագետներին»,- նշել է Լեհաստանում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահ Լուկաշ Վալերյանը։

«Գործարար Լուկաշ Վալերյանի հետ մեր քննարկումներն արդյունավետ եղան։ Նա Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամություն հայտնեց, իսկ մենք ուղղորդեցինք Գյումրի, քանի որ Գյումրին և Վանաձորը գերակայություններ են սահմանվել կառավարության կողմից, և ուրախ ենք, որ արդեն գործը մեկնարկում է»,- նշել է ՀԶՀ Տարածաշրջանային կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

Լուկաշ Վալերյանը Գյումրիի իր գործընկեր Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ նաև ծանոթացել է ՏՏ ոլորտի ենթակառուցվածքներին, ԳՏԿ-ում հյուրընկալվել է «Տեխնո-ուրբաթին», ոլորտի մասնագետներին և ուսանողներին ներկայացրել «Blue Idea»-ի գործունեությունը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ընկերության Հետազոտությունների և զարգացման մենեջեր Օլգա Կովալսկան և հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ամատունին։