Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը
12/10/2017 13:32

Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոարխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։

Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), «Արմենպրեսը» լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

««Արմենպրես. Պատմություն» նախագիծն արդեն իրականություն է։ Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ, որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ այս նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին։ Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ում շնորհիվ «Արմենպրես. Պատմությունը» հասանելի դարձավ մեր հանրությանը», – ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարևոր աշխատանք էր պատմության պահպանման և ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ և միևնույն ժամանակ վստահ քայլել առաջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նախագծի իրականացումը հետաքրքիր էր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև բովանդակային առումով։ Ամեն լուսանկարի հետ բացվում էր Հայաստանի նոր և նորագույն պատմության հետաքրքիր մի դրվագ, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում թվայնացնումն իրանացնող թիմի մոտ՝ թույլ տալով անմիջապես վայելել անչափ պատասխանատու աշխատանքի պտուղները։ Թվայնացման աշխատանքներն իրականացրել ենք հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ապահովել են բովանդակության բարձր որակ։ Ստեղծել ենք նաև ժամանակակից կայք, որի միջոցով լուսանկարները հասանելի են դարձել հասարակության համար», – նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ստեղծվել է 1918թ.-ին՝ առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ: «Արմենպրես»-ի թիմը պահպանում է գործակալության առաջատար դերը հայաստանյան լրատվադաշտում և ամուր հիմքեր է ստեղծել տարածաշրջանային և միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու և զարգացնելու առումով: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը:

«Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը գործում է 2013թ.-ից։ Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայկական թվային բովանդակության զարգացումն է։ Նշած ուղղությամբ հիմնադրամն իրականացրել է մի շարք առցանց և մոբայլ նախագծեր, կոնֆերասների, հավաքներ և այլ աշխատանքներ։ Հիմնադրամը ստեղծել է App Armenia հայկական մոբայլ հավելվածների հարթակը և Hayeren  ստեղնաշար-հավելվածը iOS սարքերի համար, որոնց ներբեռնումների ընդհանուր թիվը վաղուց հատել է հարյուր հազարի շեմը։