Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Armenia StartUp Cup. հաղթող է ճանապվել «Chessfimee» թիմը
10/12/2016 13:55

Armenia StartUp Cup. հաղթող է ճանապվել «Chessfimee» թիմը

Ս. թ. դեկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության եզրափակիչ փուլը:

Մրցույթի նպատակն է բացահայտել և զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը, խթանել ստեղծարարությունն ու նորարարությունը, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը ստարտափների միջոցով:

Armenia StartUp Cup-ի առանձնահատկությունն այն է, որ այն առաջարկում է երկար ինկուբացիոն ժամանակահատված, որի ընթացքում մասնակիցները ստանում են բարձրակարգ բիզնես խորհրդատվություն ներկայացված բիզնես գաղափարները գործուն մոդելների վերածելու և հետագայուն դրանք կյանքի կոչելու համար:

Առաջնության ամփոփման ժամանակ փորձագետների և ժյուրիի անդամների հետ երեք ամիս տևած ակտիվ աշխատանքից հետո եզրափակիչ փուլ անցած տասնհինգ թիմերը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ լավագույն երեք թիմերն արժանացան մասնագիտական վերապատրաստում և խորհրդատվություն ստանալու հնարավորության: 

Հաղթողի կոչմանն արժանացավ «Chessfimee» թիմը, որի մշակած հավելվածը շախմատասեր հասարակությանն ու պրոֆեսիոնալ շախմատիստներին առաջարկում է ծրագրային ապահովման յուրօրինակ լուծումներ՝ ներառյալ շախմատային վերլուծության ծրագրերի ապահովում:

Երկրորդ և երրորդ տեղի մրցանակներին արժանացան «Destination» և «Soundsearch» թիմերը: Նրանց ներկայացրած բիզնես գաղափարներն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը:

Հաղթող թիմը եզակի հնարավորություն ստացավ մրցելու ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ գալիք տարի Մարոկկոյում կայանալիք World StartUp Cup-ին: Այն արժանացավ նաև բիզնեսի զարգացման նպատակով 1.500.000 ՀՀ դրամի համարժեք մասնագիտական վերապատրաստումից և խորհրդատվությունից, վեցամսյա ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավության: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն թիմերը համապատասխանաբար ստացան 1,000,000 և  500,000 դրամին համարժեք վերապատրաստումից և խորհրդատվությունից, ինչպես նաև երեքամսյա և մեկամսյա տևողությամբ ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունից: Բոլոր երեք թիմերը ստացան BizNest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից անվճար վեբկայք ունենալու հնարավորություն:

Միջոցառմանը խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը,

ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացած The Roda Group-ի ղեկավար Ռոջեր Սթրաուքը, Armenia StartUp Cup 2016-ի կազմակերպիչ Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը և ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Անդրե Վալդեսը:

«Բիզնես սկսելու համար միջավայրը երբեք այսչափ նպաստավոր չի եղել: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում, ինչը կարող է գրավել տաղանդաշատ այլ մարդկանց ներհոսք որ ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Կարիք կա այդ տաղանդն ուղղելու այնպիսի կազմակերպությունների ստեղծման համար, որոնք իրենց գաղափարներով և արտադրանքով կլինեն մրցունակ միջազգային մակարդակով: Այս ամենը հնարավոր է մեզ հասանելի տեխնոլոգիայի և հաղորդակցության շնորհիվ», – նշեց Ռոջեր Ստրաուքը:

«Ուրախ ենք տեսնել, որ StartUp Cup-ը տարեցտարի ընդլայնվում է: Ես նկատում եմ Հայաստանում ձեռնարկատիրական ոգու և ստարտափների գործունեության աննախադեպ աճ: Այս տարի ստացել ենք 156 հայտադիմում Հայաստանի 12 քաղաքներից և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, այն դեպքում, երբ անցած տարի ունեինք ընդամենը 77-ը: Վստահ ենք, որ գալիք տարիներին կունենանք ավելի շատ հայտադիմումներ», – նշեց Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի և միջոցառման կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը:

«Հայաստանն ունի գիտական մտքի և նորարարության մեծ ներուժ: Եվրոպական միությունը՝ որպես Հայաստանում ամենամեծ ներդրող և դոնոր, ցանկանում է նպաստել Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը: Ամենակարևոր աջակցությունն այն է, որ Հայաստանը կարող է լիարժեք օգտվել հետազոտությունների և նորարարությունների իրականացմանն ուղղված Եվրոպական միության ամենամեծ ծրագրից` ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով » – նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Առաջնության կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

Միջոցառման աջակիցներն են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Deem Communications ընկերությունը, Հայաստան ծառատունկ ծրագիրը («Էյ Թի Փի»), BizNest ձեռներեցության կենտրոնը և «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը:

Armenia StartUp Cup-ի մասին – StartUp Cup-ը բիզնես մոդելների միջազգային մրցույթ է, որը մշակվել է սաղմնային փուլում գտնվող ձեռներեցական ծրագրերին համայնքային մակարդակով երկարաժամկետ աջակցություն տրամադրելու նպատակով: Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս: StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի գաղափարը ծնվել է Սիլիկոնյան հովտում: 2012թ.-ից ի վեր 208 մրցույթ իրականացվել է  72 երկրում, որին  մասնակցել է 77982 ձեռնարկատեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ, և արվել է 744,527,056 ԱՄՆ դոլարի չափով ներդրում: Մանրամասների համար այցելեք www.startupcup.com: