Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ISTC ինովացիոն կենտրոնի շնորհիվ Հայաստանում կխթանվեն հետազոտական աշխատանքները
06/12/2016 19:09

ISTC ինովացիոն կենտրոնի շնորհիվ Հայաստանում կխթանվեն հետազոտական աշխատանքները

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ -ի աջակցությամբ, իրականացնում է ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնականներին, նոր շունչ հաղորդել ակադեմիայի ու տնտեսության փոխհարաբերությանը:

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կաջակցի այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում՝ աշխատանքային պայմաններում: Ծրագիրն այնպիսի նոր տեխնոլոգիաների, գաղափարների համար է, որոնց պետք է վերջին զարգացման քայլը՝ շուկա դուրս գալու համար:

«Ներկայումս Հայաստանում գիտական ու հետազոտական ուղղվածությամբ աջակցման ծրագրերը և ֆինանսավորման հնարավորությունները սակավաթիվ են:  ISTC-ին, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ԱՄՆ ՄԶԳ-ն այս ծրագրով նպատակ են հետապնդում խթանել հետազոտական աշխատանքները մեր երկրում և ստեղծել հիմքեր նրանց հետագա ինքնուրույն գործունեության համար»,- նշում է ISTC ակսելերացիոն ծրագրերի ղեկավար Արեգ Գևորգյանը:

ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաղթողներին տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, դրամաշնորհ՝ 6000 ԱՄՆ դոլարի չափով՝ 1 տարվա հետազոտական աշխատանքի համար, աջակցություն առևտրայնացման ռազմավարության մշակման և համատեղ միջազգային դրամաշնորհների դիմելու հարցում:

Կստեղծվի նաև համագործակցություն IBM-ի հետ աշխատող հետազոտական խմբերի և հայ գիտնականների ու հետազոտողների միջև։ Այս նպատակի իրագործման համար շուտով կհայտարարվի երկրորդ ծրագիրը՝ ISTC Research Travel Grant-ը, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել:

ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը 2016թ դեկտեմբերի 14-ն է: Դիմել կարելի է այս հղումով։

Հիշեցնենք, որ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի,  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: