Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կայացել է Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլը
28/09/2016 19:12

Կայացել է Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլը

Ս. թ. սեպտեմբերի 25-ին UWC Դիլիջան քոլեջում տեղի ունեցավ ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլը:

Մրցույթի մարզային փուլը նորարարական հարթակ է՝ ուղղված Հայաստանի համայնքներում ձեռնարկատերերի որակի և քանակի ավելացմանը։ Այս տարի մարզային փուլը միավորեց ավելի քան 42 ստարտափների Հայաստանի 11 քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Դիլիջանից, Իջևանից, Նոյեմբերյանից, Արմավիրից, Արարատից, Սպիտակից, Թալինից, Վարդենիսից, նաև Ստեփանակերտից, և 30 փորձառու մենթորների տարբեր մարզերից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ UWC Դիլիջան քոլեջի դեկան Դենիս Դևիդսոնը, ով ընդգծեց միջոցառման կարևորությունը Հայաստանում զարգացած ստարտափ համայնքի ձևավորման համար։

Մրցույթի սկզբում անցկացվեց 20 նոր մենթորների սերտիֆիկացում, ովքեր հետագայում ևս հնարավորություն կունենան իրենց բազմամյա փորձն ու գիտելիքը փոխանցել մարզաբնակ այլ սկսնակ ձեռներեցների՝ ի նպաստ կայուն տնտեսական զարգացման:
Տրամադրված խորհրդատվության շնորհիվ մասնակիցները համապատասխան գիտելիք ու հմտություններ ձեռք բերեցին` ինչպես ցանկացած գաղափար վերածել կենսունակ բիզնես մոդելի, կրճատել շուկա մուտք գործելու ժամանակն ու մեծացնել եկամտի ձեռք բերման աղբյուրները:

Մարզաբնակ մասնակիցներից բացի՝ միջոցառմանը ներգրավված էին նաև UWC Դիլիջան քոլեջի օտարերկրացի աշակերտներ, ովքեր ներկայացրին հետաքրքիր բիզնես մոդելներ՝ ուղղված Հայաստանում վերամշակման մշակույթի զարգացմանը:

Մրցույթի երկրորդ փուլում մրցելու հնարավորություն ստացան 15 ստարտափներ Հայաստանի 7 քաղաքներից: Մարզային և միջազգային մենթորների խորհրդատվության օգնությամբ նրանք նախագծել և ընտրող հանձնաժողովին էին ներկայացրել նորարարական լուծումներով բիզնես մոդելներ՝ ուղղված շինարարության, արհեստների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոշտ թափոնների կառավարման, բեռնափոխադրումների, առողջապահության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին, զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով: Միջոցառման երկարաժամկետ նկատակն է նպաստել երկրի հավասարաչափ տնտեսական և սոցիալական զարգացմանը:

Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչև 1.500.000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություն և ծառայություններ: Հաղթողը նաև եզակի հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգև կստանան 1.000.000 և 500.000 ՀՀ դրամ ու ևս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին և իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում և տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ:

Մարզային փուլի աջակիցներն են UWC Դիլիջան քոլեջը, Deem Communications ընկերությունը, Դիլիջանի համայնքային կենտրոնը, BizNest ձեռներեցության կենտրոնը, Տավուշի մարզպետարանը,  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, ԱրտԼանչը, Դիլի Ջան Պիցցա տունը, Կճուճ ռեստորանը:

Բուրոն Արմ ընկերությունը հանդիսանում է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության Արծաթյա Գործընկերը: