Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Flappy Bird բջջային խաղն այլևս գոյություն չունի
11/02/2014 09:45

Flappy Bird բջջային խաղն այլևս գոյություն չունի

Flappy Bird-ը բոլորի կողմից սիրված բջջային խաղ է, որը բավականին երկար ժամանակ App Store-ի և Google Play-ի վարկանիշային աղյուսակներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Խաղի հիմնադիրը ջնջել է այն կատալոգներից և հայտնել, որ Flappy Bird-ի հետ կապված այլևս ոչինչ չի թողարկելու: Հիշեցնենք, որ խաղի հիմնադիր Դոնգ Նգույենն այս մասին հայտնել էր կիրակի առավոտյան, իսկ ներկա պահին Flappy Bird-ն արդեն ջնջված է և' App Store-ից, և' Google Play-ից: Այդուհանդերձ, եթե այս խաղի սիրահարները հասցրել են ներբեռնել այն, ապա կկարողանան շարունակել խաղալ:

Խաղը ջնջելուց առաջ Նգույենը ներողություն է խնդրել խաղի օգտատերերից և հայտնել, որ 22 ժամ անց Flappy Bird-ն այլևս գոյություն չի ունենա: Նա պարզաբանել է, որ այդ որոշումը կապված չէ իրավաբանական որևէ խնդրի հետ: Այս ամենը Դոնգ Նգույենը հրապարակել էր Թվիթերում և նրա այս գրառումն օգտատերերի կողմից վերահրապարակվել է 136 000 անգամ:

Flappy Bird-ն իր պարզության և յուրօրինակության շնորհիվ արժանացել էր օգտատերերի բարձր գնահատականին: Այն ներբեռնվել է ավելի քան 50 միլիոն անգամ և խաղի միավորները երբեք 4,5-ից չեն նվազել: Նգույենը հայտնել է, որ Flappy Bird բջջային խաղի առաջին տարբերակի վրա նա աշխատել է ընդամենը երեք օր, իսկ այսօր խաղում միայն գովազդի տեղադրումից նրա օրական շահույթը կազմում է 50 000 ԱՄՆ դոլար: Խաղի ծրագրավորողը նաև նշել է, որ չի փնտրում ներդրողների և ոչ էլ խաղը վճարովի դարձնելու նպատակ ունի:

Անկախ ներդրողների կարծիքով Նգույենը գովազդի տեղադրման շնորհիվ մեծ գումարներ էր աշխատում, և եթե նրա շահույթը սկսեր գերազանցել միլիոնները, հավանականությունը մեծ  է, որ նա կարող էր իրավաբանական լուրջ խնդիրների առաջ կանգնել: