Ռոստելեկոմ. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց Բարքեմփ ոչ ֆորմալ Կոնֆերանսը

«Ռոստելեկոմի» աջակցությամբ նոյեմբերի 6-ին «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում» (VTC) անցկացվեց «Բարքեմփ» ոչ ֆորմալ Կոնֆերանսը (Չկոնֆերանսը)՝ նվիրված Տեղեկատվական տեխնոլոգիաներին, Համացանցին և Նոր մեդիաներին առնչվող թեմաների։

«Նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ ներխուժել են առօրյա և մեզանից  յուրաքանչյուրն իր մասնակցությունը կարող է ունենալ դրանց զարգացման գործում՝ ներկայանալով ու իր գաղափարները կիսելով նման կոնֆերանսների և չկոնֆերանսների շրջանակներում։ «Ռոստելեկոմի» տեխնոլոգիաները նորագույններից են, որովհետև մենք կարևորում ենք յուրաքանչյուր նոր լուծում, նոր տեխնոլոգիա և նոր գաղափար։ Այստեղ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, այդ ամենն իրագործելու համար անհրաժեշտ է միայն ցանկություն և ձգտում։ Սա արդեն իսկ իրողություն է և  VTC-ն իր գործիքակազմով հնարավորություններ են ստեղծվում բազմաթիվ տեխնոլոգիական գաղափարների և լուծումների զարգացման համար։ Համոզված եմ՝ այսօր մեզ բոլորիս սպասվում է արդյունավետ և հետաքիր օր «Բարքեմփի» շրջանակներում։ Ես անգամ մի քանի քննարկումներ առանձնացրել եմ ինձ համար և կմասնակցեմ»,-կոնֆերանսի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունեց «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Բարքեմփի» շրջանակներում ներկայացվեցին «մասնակցային» աշխատանքային սեմինար-միջոցառումներ, որոնք բաց էին յուրաքանչյուրի համար և ֆորմատին համաձայն չկար հանդիսատես և բոլորը մասնակից էին։

Վանաձորում ծրագրի անցկացման նպատակն էր նպաստել քաղաքային էլեկտրոնային հասարակության ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեխնոլոգիաների զարգացման գործում։ Կարևոր էր ստեղծել համապատասխան միջավայր և հնարավորություններ հանրության ակտիվ շերտերի և մասնագիտական խմբերի տեղեկատվական գիտելիքների բարձրացման ու հմտությունների զարգացման համար՝ միևնույն ժամանակ նպաստելով տեղեկատվական և մեդիա ոլորտներում գործող անհատների և ընկերությունների միջև փոխգործակցությանը։

Առավել ուշագրավ էր կազմակերպչական աշխատանքը, որում ներգրավված էին ինչպես գործընկերներ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (EIF) և «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը» (VTC), հովանավոր հայաստանյան «Ռոստելեկոմը», այնպես էլ աջակիցները՝ «Բարքեմփ Երևանի» և «Բարքեմփ Գյումրու» թիմերը:

Կազմակերպիչների թիրախում էին Նոր մեդիայում, Ինտերնետ, Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաներում ներգրավված գործարարներ, ընկերությունների ղեկավարներ և մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, դասախոսներ, ուսանողներ, բլոգերներ, լրագրողներ, առցանց հրատարակիչներ, ցանցի ակտիվ դեմքեր ու պարզապես հետաքրքրասեր մարդիկ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ստեղծում են նոր սերնդի համաշխարհային սարդոստայնը։

Ի՞նչ է Բարքեմփը (անգլ. BarCamp).

ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Այն 2005թ.-ից մասնակիցների կողմից կազմակերպվող ոչ-ֆորմալ կոնֆերանսների միջազգային ցանց է (ոչ ֆորմալ և կոնֆերանս բառերի միաձուլումից (անգլերեն unConference=unformal+conference)):

Այդ կոնֆերանսներն իրենցից ներկայացնում են «մասնակցային» աշխատանքային սեմինար-միջոցառումներ, որոնք բաց են բոլոր ցանկացողների համար ու ողջ փիլիսոփայությունը նրանում է, որ կարող են ընդհանրապես չլինել հատուկ հրավիրված բանախոսներ:
ԲարՔեմփը ամենամասնակցային ֆորմատի միջոցառումներից է. մասնակիցներն են նախաձեռնում, կազմակերպում ու անցկացնում միջոցառումը, մասնակիցներն իրենք են բերում ներկայացվելիք թեմաներն ու նյութերը, իրենք են զեկուցումներն անում ու քննարկում դրանք։ Ելույթները կատարվում են բաց ու անկաշկանդ միջավայրում։ Հիմնական կարգախոսներից մեկն էլ այն է, որ չկան հանդիսատեսներ, բոլորը մասնակից են:

Մթնոլորտը հետաքրքիր է այնքանով, որ ԲարՔեմփի մասնակիցները հետևում են ելույթներին և միաժամանակ լուսաբանում ու մեկնաբանում են միջոցառումը համացանցում: Մասնակիցները նաև «քվեարկում են ոտքերով»: Այսինքն, եթե թեման հետաքրքրական չէ, նրանք ազատ կարող են լքել այդ լսարանն ու տեղափոխվել այլ սրահ՝ լսելու զուգահեռ ընթացող մեկ այլ ելույթ:

Բավական ժամանակ է աշխարհում իրականացվում են նաև այս ֆորմատին համապատասխան այլ թեմատիկ ուղղությամբ քեմփեր, ինչպես օրինակ՝ առողջապահության, իրավունքի, կրթության, տրանսպորտի, սոցիալական հարցերի և այլնի շուրջ:

Հայաստանում առաջին Բարքեմփ անցկացվել է 2009թ.-ին Երևանում: Այս տարի տեղի ունեցավ թվով 8-րդը: Եթե 2009-ին մասնակիցները 400-ն էին, ապա 2016-ին նրանց թիվն անցավ 2500-ից (կայքը՝ http://www.barcamp.am/):

Անցկացման կարգը

Հակառակ ավանդական կոնֆերանսների՝ այստեղ մեծ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից րոպեներ առաջ: Մասնակիցները ցուցատախտակի վրա՝ ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։