Ucom և Discovery Science ընկերությունները տարին ամփոփեցին «Առաջ՝ դեպի տիեզերք» կարգախոսով

Ucom և Discovery Science ընկերություններն ամփոփեցին 2017թ. մրցույթի արդյունքները: Իրականացավ ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանների երազանքը: Նրանք մեկնեցին Նիդերլանդներ և այցելեցին Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրների մտքով անգամ չէր կարող անցնել, որ  ամառային արձակուրդը Հայաստանում անցկացնելիս կմասնակցեն աշխարհահռչակ Discovery Science հեռուստաալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված մրցույթին, կհաղթեն այն և այդպիսով ճանապարհ կհարթեն դեպի Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:  Մրցույթի ժյուրիի անդամներին տպավորել էր խուլ ու համրերի համար նախատեսված սարքի նախագիծը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

«Հրաշալի է հյուրընկալել այստեղ Ucom-ի ներկայացուցչին` մրցանակակիրներ Սամսոնի և Հրանտի հետ միասին: Սա փայլուն հնարավորություն է` ոգեշնչելու նրանց պես երիտասարդ գիտնականների նոր սերնդին՝ ցուցադրելով, թե ինչով են զբաղվում Եվրոպական տիեզերական գործակալությունում աշխատող նրանց ավագ գործընկերները», - նշեց Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից դոկտոր Ռոբերտ Վիլեմսենը:

Իրենց այցի ընթացքում տղաները սեփական աչքերով տեսան մոլորակի լավագույն գիտնականների առօրյան, տարատեսակ ժամանակակից սարքավորումները, ինչպես նաև պատմական՝ տիեզերք մեկնած ու Երկիր մոլորակ վերադարձած օդանավերը: Հատուկ կշեռքի վրա կանգնելով՝ եղբայրները ծանոթացան Լուսնի, Մարսի և այլ տիեզերական մարմինների վրա ձգողականության ուժին և պատկերացրեցին իրենց քաշը տարբեր մոլորակներում գտնվելու պարագայում: Երեխաներին թույլ տվեցին այցելել Եվրոպական տիեզերական գործակալության այնպիսի հատվածներ, որտեղ զբոսաշրջիկների մուտքն արգելված է և որտեղ գտնվելու իրավունք ունեն միայն տիեզերքն ուսումնասիրող գիտնականները:

Տղաները տեղյակ էին նաև, որ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցն Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան է: Ամստերդամում այցի ժամանակ հստակ գիտակցեցին, որ ինժեներական կրթությունն ու ծրագրավորման հմտությունները նրանց առավել, քան անհրաժեշտ են:

«Ես և Սամսոնը երազում ենք սովորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, որի սաներին ջերմ բարևներ ենք հղում Ամստերդամից: Շնորհակալություն Ucom-ին մեր երազանքն իրականացնելու համար», - նշեց Հրանտ Հայրապետյանը: