Ucom. շարունակական աջակցություն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

Օրերս Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին ՏՏ ոլորտում հայտնի կրթական նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող 26 սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Հատկանշական է, որ լաբորատորիայում առկա եռաչափ տպիչի դետալներից մեկը կոտրվել էր, և սաներն ինքնուրույն փորձել են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել վնասված դետալը: 

«Ուզում եմ ծրագրավորող դառնալ, որպեսզի զարգացնեմ  այդ ոլորտը Հայաստանում: Ավելին՝ ցանկանում եմ նաև ինժեներ դառնալ ու ինքնուրույն ստեղծել ապագայի սարքերը, որոնցից, օրինակ, կարող է լինել քարածուխ հանող ռոբոտը, որը կհեշտացնի մարդու ծանր ֆիզիկական աշխատանքը», - նշում է Իջևան քաղաքի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Ամիրյան Գարիկը:  

«Սովորում եմ աշխատել «Աղվես» և «Կրիա» ծրագրերով, որպեսզի ապագայում դառնամ ինժեներ կամ ծրագրավորող: Այս գիտելիքի շնորհիվ կկարողանամ ստեղծել «խելացի դուռ», որը հյուրերի ժամանման պահին հաղորդագրություն կուղարկի տան մեծերին, կունենա նրանց տեսախցիկով միանալու և խոսելու հնարավորություն: Եթե, օրինակ, երեխան կամ որևէ ծանոթ մարդ է մոտեցել դռանը, կարելի է հեռավորության վրա այն բացելու հնարավորություն ստեղծել», - երազում է նույն լաբորատորիայի սան Սահակյան Ռուբենը:

«Մենք կարևորում ենք մարզերում ապրող երեխաների հետաքրքրվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ: «Արմաթ» լաբորատորիաներում նրանք ձեռք են բերում գործնական հմտություններ ու գիտելիքներ, որոնք վաղը կօգնեն, օրինակ, արհեստական բանականությամբ աշխատող առարկաներ ստեղծել: Այն, ինչ այսօր տեսնում ենք, մեզ գոհացնում է. երեխաների երևակայությունն անսպառ է և ապագան՝ հուսադրող», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Այս խմբակի սաները նաև մասնակցել են DigiCode մրցույթին, ներկայացնելով իրենց կողմից ստեղծված «Պյութագորաս» խաղը:

Ի դեպ, Ucom-ի աջակցությամբ բացված այս խմբակ-լաբորատորիաների կարևորության մասին WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումի ընթացքում խոսեց նաև ընկերության մարկետինգի և հաղորդակցության գծով տնօրեն Տիգրան Սաֆարյանը, նշելով, որ «Արմաթ» լաբորատորիաները Ucom-ի ուշադրության կենտրոնում են վերջին 3-4 տարիների ընթացքում, բացված են շուրջ 200 դպրոցներում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում և կոչված են ընկերության ապագա աշխատակիցների դարբնոցը դառնալ:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ 

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։