Cloudflare-ը դատա կենտրոն է բացում Հայաստանում

Կայքերի անվտանգության Cloudflare ամպային հարթակն այսօր հայտարարել է նոր դատա կենտրոնների գործարկման մասին։ Դատա կենտրոններից մեկը տեղեկայված կլինի Երևանում։ Cloudflare-ը Երևանը ներկայացնում է որպես աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, իսկ Հայաստանը՝ միջնադարյան եկեղեցիների, կոնյակի, լավաշի և շախմատ խաղացողների երկիր։ Խոսելով նոր դատա կենտրոնների մասին՝ Cloudflare-ը նշում է, որ դրանք կօգնեն 6 մլն ինտերնետային ռեսուրսների համար ավելի արագ և անվտանգ ծառայություներ մատուցել։

Claudflare-ի Հայաստանյան դատա կենտրոնի գործարկումն անչափ կարևոր է ՀՀ կայքերի և ինտերնետային այլ ռեսուրսների համար։ Գաղտնիք չէ, որ հայկական հարթակները անընդմեջ ենթարկվում են ազերի և թուրք հաքերների հարձակումներին, որոնց մեջ գերակշռում է DDоS-ը, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից մեկը Cloudflare-ն է։

Cloudflare ամպային հարթակը գործում է 2009թ.-ից։ Հարթակը յուրօրինակ միջնորդ է կայքերի և օգտատերերի միջև։ Հարթակի հիմնական գործառույթը կայքերի պաշտպանությունն է DDoS հարձակումներից և այլ վտանգներից։ Cloudflare-ը նաև բարձրացնում է կայքի հասանելիության աստիճանը շարքային օգտատերերի համար։