Մշակվել է ԻՏՁՄ ռազմավարության 6 ուղղություն

Օրերս Աղվերանում կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Հանդիպման շրջանակում ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Միության 2017-2021թթ երկարաժամկետ ռազմավարության գործողությունների պլանը: ՏՀՏ լիդերների հանդիպում ֆորումի ընթացքում հստակեցվել և սահմանվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարական 6 ուղղություն: Դրանք են.

- Կրթություն և աշխատուժի ձևավորում

- Հայկական ՏՏ բրենդի ստեղծում (Why Armenia)

- ՏՏ ընկերությունների և ոլորտի շահերի պաշտպանություն

- Ռազմարդյունաբերություն

- Պետությունը՝ որպես պատվիրատու (E-government)

- ՏՀՏ բիզնեսի առաջխաղացում

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համապատասխան աշխատանքային խմբերով մշակել են վերոնշյալ ուղղությունների տեսլականը, հստակեցրել նպատակներն ու սահմանել խնդիրները: Աշխատանքային խմբերն առաջիկայում կշարունակեն ԻՏՁՄ ռազմավարության գործողությունների պլանի մշակումը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» երկօրյա ֆորումին մասնակցել են շուրջ 60 ներկայացուցիչներ EIF, CQG, Macadamian, WEB, Ucom, Mentor Graphics, Grant Thornton, D-Link, Ev-Consulting, SFL, Instigate, Proximus, Leviathan, Masys, Niccoma Technologoes, VOLO, Apaga Technologies, Global.am, Impact Solutions ընկերություններից, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրից, Պաշտպանության նախարարությունից և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից սկսած 2007թ-ից: ՏՀՏ առաջնորդների հանդիպման ընթացքում վեր են հանվում ոլորտի շահերի պաշտպանության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը, տեխնոլոգիական կրթության ու աշխատուժի զարգացումը և այլն: Հանդիպում-Ֆորումը բացառիկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս ոչ ֆորմալ միջավայրում ինտերակտիվ երկխոսության միջոցով վերհանել ոլորտային խնդիրները, մշակել լուծումներ ապահովող ռազմավարություն: