Ookla. Վիվասել-ՄՏՍ-ն ամենաարագ բջջային ցանցն է Հայաստանում

«Ookla» ընկերության «Speedtest» հեղինակավոր հավելվածի հաշվարկներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում

Լայնաշերտ և բջջային ինտերնետի թեստավորման և ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար «Ookla» ընկերությունն իր «Speedtest.net» ինտերնետի արագության չափման հավելվածի և իր կողմից մշակված այլ հավելվածների միջոցով կուտակում է տվյալներ՝ հաշվարկելու աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարագ ինտերնետ մատակարարող ընկերությունների և բջջային ցանցերը: «Speedtest» բջջային հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Phone պլատֆորմների համար՝ ամեն օր իրականացնելով լայնաշերտ 3G և 4G միացումների ավելի քան մեկ միլիոն թեստավորում:

«Ookla»-ն հրապարակել է 2016թ. առաջին կիսամյակի տվյալները՝ յուրաքանչյուր երկրում հաղթող ընկերության կտրվածքով: Մուտք գործելով http://www.speedtest.net/awards և սեղմելով Հայաստանը խորհրդանշող կոճակը՝ կարելի է տեղեկանալ, որ Հայաստանում առաջին տեղում գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը: Մասնավորապես՝ այս հղմամբ տրամադրվող տեղեկություններում ասվում է. «Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար և հետևողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը՝ 4.58 Մբիթ/վրկ»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Speedtest»-ից շնորհավորական նամակ է ստացել, որում ընկերությունը ճանաչվում է Հայաստանում բջային ամենաարագագործ ցանցի օպերատոր: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով՝ իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,- նկատել է «Ookla» ընկերության «Speedtest» ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Ստիվենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է «Ookla» ընկերության «Speedtest»-ի կողմից մրցանակ ստանալը: «Speedtest»-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է՝ ներառյալ 3G և 4G ցանցերի միջոցով ապահովվող: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի և թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Speedtest»-ն ինտերնետի պարամետրերի գնահատման ամենալայն տարածում գտած ու ամենահեղինակավոր համակարգն է: Հարյուր միլիոնավոր սպառողներ աշխարհով մեկ օգտվում են «Speedtest»-ի ընձեռած հնարավորություններից: Ամեն օր իրականացնելով ավելի քան 8 միլիոն փորձարկում՝ «Speedtest»-ին հասանելի է դառնում աշխարհում ինտերնետի որակի համապարփակ պատկերը: Տվյալները ստացվում են վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր տարբեր սարքերից (մեկ սարք՝ մեկ փորձարկում սկզբունքով) արված փորձարկումներից ստացված տվյալների միջինացման արդյունքում՝ աշխարհագրական տվյալ տարածքի համար: Այս մոտեցումը զգալիորեն մեծացնում է ստացվող արդյունքների ճշգրտությունը և նվազեցնում փորձարկումների կրկնության և արդյունքները փոխարինելու հետևանքով կողմնակալ տվյալների ստացման հավանականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին օպերատորն է, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ին առաջին անգամ գործարկել է 4G/LTE ցանց: Այսօր ընկերության ցանցի ծածկույթն ընդգրկում է երկրում բնակեցված տարածքի 46,6%-ից ավելին (ավելի քան 255 բազային կայանի միջոցով):

«Ookla» ընկերության «Speedtest» արագության չափման ծրագիրը սահմանում է լայնաշերտ կապի որակի վերահսկման այնպիսի չափանիշեր, ինչպիսիք են ճշգրտությունը, ժողովրդականությունը, դյուրին օգտագործումը և համապատասխան վիճակագրությունը: Ընկերության լուծումները կիրառման են ընդունվել ինտերնետային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր ընկերությունների կողմից և օգտագործվում են հազարավոր փոքր ձեռնարկություններում, կառավարական կառույցներում, բուհերում և այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «AT&T»-ն, «BBC»-ն, «Cisco»-ն, «Comcast»-ը, «FCC»-ն, «Reuters»-ը, «Time Warner»-ը, «Verizon»-ը, «Vodafone»-ը և «Vonage»-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com