Արծվիկ Մինասյանն Ազգային Ժողովում կոչ է արել օգտվել ArmPhone սմարթֆոններից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի ամբիոնից ցուցադրեց իր նոր «Արմֆոն» բջջային հեռախոսը և բոլորին կոչ արեց օգտվել հայկական արտադրանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Մինասյանը, ով հիմնական զեկուցողն է, ամբիոնից հայտարարեց, որ ինքը սկսել է նոր «Արմֆոն» հեռախոս օգտագործել:

«Իմ ձեռքում հիմա առաջին հայկական բջջային հեռախոսն է: Ես կարծում եմ, որ մենք մեզանից պետք է սկսենք հայկական ապրանքանիշով առաջին ապրանքների իրացումը»,- ասաց Մինասյանը:

Հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոսներն արդեն հասանելի են հայաստանցի գնորդին: Հայկական արտադրության առաջին սմարթֆոնները, ըստ այն ստեղծող ընկերության հիմնադրի, որակյալ են և ոչնչով չեն զիջում շուկայում առկա բրենդներին: Հեռախոսները 5 տարբեր մոդելի են ու ըստ իրենց տեխնիկական բնութագրիչների մրցունակ են. դրանք ցածր գին ունեն՝ ի համեմատ շուկայում առկա հանրահայտ բրենդների, բարձր են՝չինական չճանաչված ապրանքանիշերից: «Արմֆոն»-ը տատանվում է 50-151 հազար դրամի սահմաններում:

Հեռախոսներում ռինգթոնների տեսքով ներկայացված ե ն Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ: