Գործարկվել է U!Pay վիրտուալ դրամապանակը

Ucom ընկերությունն ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ ստեղծել է U!Pay վիրտուալ դրամապանակը, որն օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

Վիրտուալ դրամապանակի ներբեռնումը App Store-ից և Google Play-ից բոլորովին անվճար է և հասանելի կլինի մեկ ամսից: Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ կլինի լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով: U!Pay հաշվին հնարավոր կլինի կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները կպահպանվեն ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

«Այսօր U!Pay դրամապանակի ստեղծմամբ մենք օգնում ենք մեր բաժանորդներին հարմարավետ ու հանգիստ կերպով իրականացնել բոլոր տեսակի վճարումները, խուսափել հերթերից, խնայել ժամանակը և այս ամենն անել ինտերնետի հասանելիությամբ աշխարհի ցանկացած կետից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։