Հայտնի են «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողների անունները

Հայաստանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ հայ դպրոցականների կողմից երկար սպասված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը: Առաջին մրցույթի համեմատ՝ այս անգամ մրցույթի առաջադրանքներն ավելի բարդ էին, ուստի եզրափակչում մրցում էին միայն 40 մասնակից ՀՀ տարբեր մարզերից:

Ժյուրիի կազմում ընդգրկված ՏՏ ոլորտի փորձառու մասնագետների առջև նույնպես բարդ խնդիր էր դրված, քանի որ հայ դպրոցականները հանդես եկան բարդ և ստեղծագործական լուծումներով:

Այսպիսով՝ մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթեցին Սամվել Պապյանը (Angry Birds խաղով) և Սերգեյ Վարդանյանը (Brain focus and speed tester): Իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Գևորգ Հովհաննիսյանն՝ իր «Դպրոց» խաղով:

«Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում մինչեւ 13 տարեկան տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Մելինե Ներսիսյանի «Դաշնամուր», իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում՝ Նանե Սարգսյանի «Animal lab» խաղը: «Animal lab»-ը հաղթող ճանաչվեց նաև  «Լավագույն դիզայն» անվանակարգում:

«Լավագույն մտահաղացման» հեղինակ ճանաչվեց Վազգեն Հովհաննիսյանը՝ իր Balloons խաղով:

«Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները ստացան տարբեր անակնկալ մրցանակներ. մասնավորապես՝ դրամական պարգևներ, դասընթացի մասնակցության և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն, ինովացիոն ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և այլն:

Նշենք, որ «ԴիջիԿոդի» շրջանակներում հայ դպոցականներն աշխատում են «Scratch» (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT)  կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  «Աղվես»-ը  «Scratch» ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Մրցույթը  զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման  ունակությունները: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի,  այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր են ստեղծում: Մրցույթը  բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:

Հավելենք, որ «ԴիջիԿոդ» մրցույթին ներկա էր նաև Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և  ծառայությունների ալյանսի (WITSA) կրթության, դասընթացների և մարդկային ռեսուրսների կոմիտեի նախագահ դոկտոր Բորիս Կոմրակովը: WITSA-ն առաջատար կոնսորցիում է, որի անդամ են հանդիսանում ՏՀՏ ոլորտի միության անդամների ավելի քան 80 երկրներ: Այն նաև հանդիսանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) կազմակերպիչը: Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանը ձեռք է բերել 2019թ-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) անցկացման իրավունքը :

Նշենք, «ԴիջիԿոդն» իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: