Դիջիկոդ կիրառական ծրագրավորման մրցույթի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է մինչև 2016 թ. հունվարի 20-ը:

ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները: Մրցույթի շրջանակներում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  կայք:  Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվես-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել կայքում (http://digitec.am/am/events/digicode):

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը անցկացվում է 2-րդ անգամ:  Մրցույթը  զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման  ունակություններրը: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի,  այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր ստեղծում այնպիսի հեղինակավավոր ինստիտուտի կայքում, ինչպիսին է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT): Մրցույթը  բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:

Նշենք, որ Դիջիկոդն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: