Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»
20/02/2018 11:41

Հայկ Կարապետյան. «Պետք է մրցակցությունը շարունակենք ծառայությունների բարելավման ճանապարհով»

Պարզելու համար, թե Beeline-ն ինչպես է գնահատում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր վիճակը և թե ընկերությունն ինչ ձեռքբերումներ է գրանցել 2017 թվականին, «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանի հետ:

– Պրն. Կարապետյան, ինչպե՞ս կգնահատեք՝ ինչպիսի՞ն էր 2017թ. Beeline-ի համար: Տարվա ընթացքում ընկերությունն իր գործունեության հիմնական ոլորտներում ի՞նչ զարգացումներ և ձեռքբերումներ է գրանցել:

– Ընկերության ձեռքբերումների հետ կապված կարող եմ ասել, որ BeeTV հավելվածը, որը մենք գործարկել էինք անցյալ տարվա մարտին, արդեն ունի 100 հազարից ավելի ներբեռնումներ: Այս ցուցանիշով հավելվածը Հայաստանում առաջին տեղում է: Հավելվածի միջոցով մենք տրամադրում ենք մինչև 135 հեռուստաալիք, ինչը չի տարիֆիկացվում մեր սմարթ փաթեթներում՝ Neo Max-ում և Quatro-ում: Անցյալ տարի My Beeline հավելվածը ևս հատել է 100 հազար ներբեռնումների շեմը, և սմարթֆոն օգտագործող մեր բաժանորդների շուրջ 10%-ն օգտվում է հավելվածից, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Այսօր VEON ընկերությունների խմբում «Beeline Հայաստան»-ը Եվրասիայի մասշտաբով առաջին տեղն է գրավում՝ էլեկտրոնային վաճառքի ցուցանիշով: Սա վերաբերում է ինչպես SIM-քարտերի, այնպես էլ մոբայլ սարքերի վաճառքին: Անցյալ տարի մենք գործարկել ենք համարների վաճառքի և «գեղեցիկ» համարների էլեկտրոնային աճուրդի հարթակը, ինչպես նաև pay.beeline.am հարթակը՝ բանկային քարտերով կոմունալ և կապի ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: 2017 թվականին բացել ենք 4 նոր սպասարկման գրասենյակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, Երևանի Կենտրոն համայնքում, Վանաձորում և Գյումրիում: Մենք ունենք նաև նորաոճ, ժամանակակից և open space (բաց տարածություն) սկզբունքով վերակառուցված գլխամասային գրասենյակ, որն ընդհանուր առմամբ փոխել է մեր ընկերության բիզնես մշակույթը:

– Վերջին ժամանակներս շատ է խոսվում շարժական կապի օպերատորների կողմից բիզնես-մոդելների վերանայման և ավանդական ծառայությունների կողքին սեփական OTT լուծումների ներդրման և մոբայլ հարթակում նոր ծառայությունների զարգացման մասին: Ինչպիսի՞ն է այս տեսանկյունից «Beeline Հայաստան»-ի ռազմավարությունը:

– Այսօր բոլոր օպերատորները գնում են դեպի ավելացված արժեքով ծառայությունների (VAS, Value Added Services) զարգացում՝ իրենց բջջային ցանցերի միջոցով առաջարկելով լրացուցիչ ծառայություններ։ Եթե օպերատորները դա չանեն, կդառնան ուղղակի տվյալների փոխանցման խողովակ: Օրինակ մենք առաջարկում ենք MyBeeline, BeeTV հավելվածները։ Գործարկել ենք նաև pay.beeline.am-ը, մտքեր ունենք օնլայն դրամապանակի գաղափարը զարգացնելու հետ կապված: Մենք շատ պլաններ ունենք այս ուղղությամբ, ուղղակի սիրում ենք գործարկել և նոր միայն խոսել այդ մասին: Մեր սպասարկման գրասենյակների ռազմավարությունը կոչվում է «Ծառայությունների սուպերմարկետ», և մենք փորձելու ենք ընդլայնել ներկայացվող առաջարկները։ Մասնավորապես՝ այսօր առաջարվող ապահովագրական փաթեթներից ու վճարահաշվարկային կազմակերպությունների ծառայություններից բացի շուտով վաճառելու ենք նաև լոտո, ավիատոմսեր: Արդեն մեկնարկել ենք նոր համագործակցութուն ZIGZAG ցանցի հետ: Առաջարկը կոչվում է ԿԱ ԿԱ ՉԿԱ, այսինքն՝ սմարթֆոն կա, կապ կա, տոկոս չկա: Այն թույլ է տալիս ապառիկի պայմանով ձեռք բերել հեռախոս՝ առանց հավելավճարի, այսինքն՝ վճարվելիք տոկոսների գումարի դիմաց մեր հաճախորդը ստանում է կապի ծառայություն:

– Ֆիքսված հեռախոսակապի պահանջարկը գնալով նվազում է, և կարելի է ասել՝ այս կապն աստիճանաբար սպառում է իրեն։ Ինչպիսի՞ն է ընկերության մոտեցումն այս ուղղությամբ և կա՞ն արդյոք ֆիքսված հեռախոսակապի զարգացման ծրագրեր:

– Ամբողջ աշխարհում Ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների բազան նվազում է։ Ցավոք սրտի, մենք գրեթե պատերազմող երկիր ենք, և իրավիճակի սրման դեպքում բոլոր անլար տեխնոլոգիաները միանգամից դառնում են անհասանելի: Ֆիքսված հեռախոսակապն ունի ռազմավարական նշանակություն, և պետք է անել հնարավոր ամեն բան, որ այդ կապը պահպանվի: Մեր ընկերությունը մտադիր է այս տարի բարելավել ֆիքսված հեռախոսակապի տարիֆային պլանները, որպեսզի բաժանորդների արտահոսքը դադարի: Մարդիկ կարծում են, որ ֆիքսված հեռախոսակապի կարիքը արդեն չկա, բայց դա այդպես չէ: Դեպի փրկարար ծառայություն, շտապ օգնություն և այլ ծառայություններ կատարվող հեռախոսազանգերի մոտ 90%-ը կատարվում են ֆիքսված հեռախոսակապի միջոցով:

– Ի՞նչ կանխատեսումներ կան Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումների մասով: Ոլորտում եկամուտների անկումը ե՞րբ կդադարի:

– Մենք հույս ունենք, որ այս տարի անկումը գրեթե կդադարի, և հաջորդ տարի կգրանցվի որոշակի աճ: Հայաստանում հեռահաղորդակցության շուկան ամենամրցունակն է ու բացը: Կան մի քանի օպերատորներ, որոնք ուզում են աճել, իսկ դա ներկա պահին արվում է գների նվազման միջոցով: Այսօր միջին վիճակագրական բաժանորդը կապի ծառայությունների համար վճարում է ամսական շուրջ երկու բաժակ սուրճի գումար: Գների անկումը մեր հաճախորդների համար, իհարկե, լավ է, բայց մյուս կողմից՝ բացասաբար է անդրադառնում ընդհանուր շուկայի և ներդրումների վրա: Այսօր մենք հասել ենք այն կետին, որից հետո ներդրողին կարող է այդքան էլ հետաքրքիր չլինել ներդրումներ կատարել մեր երկրում: Պետք է այնպես անել, որ և՛ բաժանորդները գոհ լինեն գնից, և՛ ներդրողները հետաքրքրված լինեն շուկայով: Արդեն 2 տարի է, ինչ «Beeline Հայաստան»-ը ճանաչվում է լավագույն գին առաջարկող օպերատոր, և մենք շարունակելու ենք մեր այս ռազմավարությունը, սակայն, ոչ ի վնաս մատուցվող ծառայությունների որակի: Հույս ունեմ, որ շուկայում մրցակցությունը կշարունակվի ոչ թե գների նվազման ուղղությամբ, որի դեպքում պետական բյուջե ուղղվող հարկերը ևս նվազում են, այլ ծառայությունների բարելավման, հեռավոր գյուղերում կապի ծառայությունների հասանելիության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հայաստանում բջջային օպերատորներն, օրինակ, կարող են ակտիվ դեր խաղալ վճարահաշվարկային գործարքներում, ինչպես Ռուսաստանում է: Հայաստանում այդ շուկան, ցավոք, դեռևս փակ է, սակայն կարող է լինել օպերատորների համար աճի նոր աղբյուր:

– Ի՞նչ առանձնահատկություններ ունի հայաստանյան շուկան:

– Մեր երկրի հեռահաղորդակցության շուկան շատ ճկուն է: Օրինակ, կարող եմ ասել, որ այսօր մեր ֆիքսված ինտերնետի բաժանորդների բազայի 50%-ից ավելին օգտվում են կոնվերգենտ  ծառայություններից, ինչը թույլ է տալիս մեկ բաժանորդային հաշվի միջոցով վճարել ինչպես մոբայլ ծառայությունների բաժանորդային վարձը, այնպես էլ ֆիքսված ինտերնետի և հեռուստատեսության վճարը: VEON խմբում Հայաստանն առաջինն է կոնվերգենտ  ծառայություններով, և շատ երկրներից գալիս են Հայաստան՝ մեր հաջողված փորձին ծանոթանալու համար:

– Համալսարանը նոր ավարտած երիտասարդները շատ են բողոքում, որ Հայաստանում առանց աշխատանքային փորձի գործի ընդունվելը գրեթե անհնար է։ Ի՞նչ կասեք՝ հնարավոր է արդյո՞ք ընդունվել Beeline առանց աշխատանքային փորձի:

– Մենք ունենք շատ թափուր աշխատատեղեր, բայց միաժամանակ՝ որակյալ կադրերի խնդիր: Շուկայում լավ մասնագետների պահանջարկը մեծ է, լավ մասնագետները՝ քիչ: Այսօր մենք փնտրում ենք խելացի, պայծառ երիտասարդների, ովքեր նպատակասլաց են, ունեն մեծ ներուժ: Մենք պատրաստ ենք ինքներս սովորեցնել աշխատանքի ընթացքում և օգնել ձեռքբերել մասնագիտական հմտություններ: Մենք հորդորում ենք բոլորին դիմել Beeline։ Կարող եք վստահ լինել, որ բոլոր ուղարկված ռեզյումեները մանրամասն քննարկվում են, և եթե տեսնում ենք, որ թեկնածուն ունի պոտենցյալ՝ պատրաստ ենք ընդունել աշխատանքի: