Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչո՞ւ են նվազել հեռահաղորդակցական օպերատորների եկամուտները
04/08/2016 19:19

Ինչո՞ւ են նվազել հեռահաղորդակցական օպերատորների եկամուտները

Պետական Եկամուտների Կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը՝ 2016թ․ հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե վճարված ընդհանուր հարկերի և տուրքերի ցուցանիշներով: Առաջին 100 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկվել են նաև Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունները՝ Beeline-ը, VivaCell-MTS-ը, Ucom-ը և Orange-ը (վերջինս այժմ Հայաստանում գործում է որպես Ucom-ի բիզնեսի մաս՝ պայմանավորված Ucom-ի կողմից «Օրանժ Արմենիա» ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերմամբ):

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ երկու տարիների համադրելի ժամանակահատվածների համեմատ, վերը նշված ընկերությունները կրճատել են պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Այսպես, 2015 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ Beeline, VivaCell-MTS, Ucom և Orange ընկերությունների կողմից վճարված հարկերն ու տուրքերը կրճատվել են շուրջ 3.5%-ով, իսկ 2014 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ՝ 38%-ով:

Եթե այս ընկերությունների կողմից պետբյուջե վճարված հարկերի ցուցանիշները դիտարկենք առանձին-առանձին, ապա պատկերը կլինի այսպիսին. 2016 թվականի հունվար-հունիսին Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) պետբյուջե է վճարել 5.931 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 7.760 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի հունվար-հունիսին՝ 8.599 մլրդ դրամ:

Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) պետբյուջե է վճարել 4.782 մլրդ դրամ: 2015 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում, իսկ 2014 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ վճարված հարկերն և տուրքերը կրճատվել է շուրջ 2 անգամ:

Միևնույն ժամանակ, Օրանժ Արմենիան (Orange) 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե է վճարել 0.782 մլրդ դրամ: 2015 թվականի առաջին կեսին ցուցանիշը կազմել էր 1.777 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի առաջին կեսին՝ 2.458 մլրդ դրամ:

Յուքոմ (Ucom) ընկերությունն այս տարվա առաջին կեսին պետբյուջե է վճարել 2.567 մլրդ դրամ: 2015 թվականի հունվար-հունիսին ցուցանիշը կազմել էր 0.745 մլրդ դրամ, իսկ 2014 թվականի հունվար-հունիսին՝ 1.417 մլրդ դրամ:

Ինչպես փաստում են ՊԵԿ-ի կողմից ներկայացված տվյալները՝ նախորդ տարիների համեմատ այս չորս ընկերությունների մոտ առավել զգալի կրճատվել են անուղղակի հարկերը (այդ թվում՝ շահութահարկ, եկամտային հարկ): Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների մոտ եկամուտների անկում է, ինչն առավել պարզ կարելի է դիտարկել բջջային կապի ծառայությունների մասով:

Այսպես, ՀՀ բջջային օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին եռամսյակում, 2015 թվականի նույն ժամանակահտվածի համեմատ, ընկերությունների գրանցած հասույթը կրճատվել է 2.85-ից 16.37%-ով, իսկ 2014 թվականի համեմատ անկումը կազմել է 10.89-ից 17.43%։ Միևնույն ժամանակ, բջջային բաժանորդների թիվն աճել է: Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 0.79%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 3.38%-ով։ Այս դեպքում ինչո՞վ է բացատրվում բջջային ծառայություններից ստացվող եկամուտների անկումը:

Բջջային կապի օպերատորների եկամուտների կրճատման պատկերն առավել պարզ է դառնում, երբ վերլուծում ենք օպերատորների կողմից հրապարակված՝ ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթի ARPU ցուցանիշը։ Այսպես, 2016 թվականի առաջին երեք ամսում, 2015 թվականի նույն ժամանակահատված համեմատ, բջջային կապի օպերատորների կանխավճարային բաժանորդների մասով արձանագրվել է ARPU-ի անկում 10.06-ից 17.82%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշի անկումը կազմել է 21.27-ից 29.00%։ Միևնույն ժամանակ, հետվճարային բաժանորդների մասով պատկերը հետևյալն է. հաշվետու եռամսյակում, 2015 թվականի նույն եռամսյակի համեմատ, գրանցվել է ARPU ցուցանիշի անկում 0.02-ից 9.52%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 0.65-ից 13.57%-ով։ Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվող) բաժանորդների մասով ևս գրանցվել է ARPU ցուցանիիշի անկում. 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ 7.01-ից 15.15%, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 5.34-ից 35.54%։

Օպերատորների բաժանորդների քանակի և ARPU ցուցանիշների համադրությունը ցույց է տալիս, որ VivaCell MTS-ի, Beeline-ի և Ucom-ի կանխավճարային բաժանորդներից ստացված հասույթը 2016 թվականի առաջին եռամսյակում, 2015 թվականի նույն եռամսյակի համեմատ, կրճատվել է 7.69-ից 15.38%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 6.92-ից 33.26%։ Հետվճարային բաժանորդների դեպքում պատկերը հետևյալն է. 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ գրանցվել է անկում՝ 2.16-ից 15.59%-ով, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է մինչև 24.31%։ Միևնույն ժամանակ, լայնաշերտ ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների դեպքում հասույթի անկումը 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ կազմել է 16.20-ից 17.41%, իսկ 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 23.69-ից 32.91%։

Հասույթի ցուցանիշների վրա կարող է ազդել նաև ծառայությունների ծավալների փոոխությունը։ Ծառայությունների ծավալների մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկի (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ) (MOU Mb OU) ցուցանիշների համեմատությունը ի հայտ է բերում հետևյալ պատկերը. զգալիորեն աճել են լայնաշերտ ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների սպառած ինտերնետային տրաֆիկը։ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սպառված ամսական տրաֆիկի ծավալներն աճել են 9.68-ից 37.84%-ով, իսկ 2014թ․-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 16.78-ից 51.32%: Ինչ վերաբերում է կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, ապա 2015թ․-ի առաջին եռամսյակի համեմատ 2.27-ից 8.01%-ով կրճատվել է ձայնային տրաֆիկը, իսկ 2014թ․-ի համեմատ ձայնային տրաֆիկի փոփոխությունը եղել է -19.88%-ից +14.99 տոկոսի միջակայքում։

Այսպիսով, վերոնշյալ տվյալների և ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ հեռահաղորդակցական օպերատորների հասույթի և, հետևաբար, հարկերի կրճատման հիմնական պատճառը հագեցած շուկայի և սուր մրցակցության պայմաններում ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների գների զգալի նվազումն է։ Հասույթի անկմանն է նպաստում նաև ձայնային տրաֆիկի որոշակի նվազումը, ինչը համաշխահային միտում է՝ պայմանավորված շարժական ինտերնետի զարգացմամբ։