Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴիջիԹեք 2015. թեժ տեխնոլոգիական աշուն Ucom-ի հետ
09/09/2015 20:24

ԴիջիԹեք 2015. թեժ տեխնոլոգիական աշուն Ucom-ի հետ

11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել տեղական և միջազգային ընկերությունների շրջանում: Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 130 ընկերություն, իսկ այցելուների քանակը կանխատեսվում է, որ կգերազանցի 40 000-ը:

Եռօրյա տեխնոլոգիական տոնին տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, կմասնակցեն նաև մի շարք այլ առաջատար ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:
ԴիջիԹեք 2015-ի պլատինե հովանավոր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Լինելով նորարարական մոտեցումների և նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծող և ջատագով՝ մեր ընկերությունն առաջին անգամ չէ, որ հովանավորում է ԴիջիԹեք ցուցահանդեսն ու նմանատիպ այլ խոշոր միջոցառումներ:

Նման միջոցառումների շնորհիվ մեր հասարակության ավելի լայն շերտեր են սկսում առնչվել տեխնոլոգիական ոլորտի հետ: «Յուքոմը», որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող ու արագ զարգացող տեղական ընկերություն, աջակցում է տեխնոլոգիապես զարգացած Հայաստանին ուղղված բոլոր միջոցառումներին, որոնցից մեկն էլ հենց ԴիջիԹեք էքսպոն է»:

«ԴիջիԹեք 2015-ն առանձնահատուկ է նրանով, որ այս տարի մասնակցում են նաև բոլոր այն ընկերությունները, որոնք մեծ հաջողություններ են արձանագրել միջազգային ասպարեզում (PicsArt, «Զանգի», «Ջումագ», «Տրիադա Ստուդիո» և այլն): Բացի այդ, մասնակիցների թվում են մի շարք առաջատար և հանրաճանաչ միջազգային ընկերություններ այդ թվում՝ Ericsson, Huawei, Keysight Technologies, Calix և այլն: Մենք համոզված ենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսում մասնակցությունը, լավ ավանդույթի համաձայն,  կխրախուսի միջազգային ընկերություններին Հայաստանում ինժեներական ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այնպես, ինչպես ժամանակին եղավ հանրաճանաչ IBM, National Instruments և այլ ընկերությունների դեպքում», – նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ ԴիջիԹեք 2015-ի շրջանակներում տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի հիմնախնդիրների քննարկում ՀՀ վարչապետի մասնակցությամբ:

ՀՀ Շախմատային ֆեդերացիայի հետ համագործակցության շնորհիվ ցուցահանդեսին ներկա կլինեն նաև անվանի գորմայստերները և կմրցեն համակարգչային շախմատային ծրագրի հետ:  Շախմատային ծրագիրը մշակվել է մեր հայրենակցի կողմից և չի զիջում աշխարհի շախմատային ռոբոտ ծրագրի առաջատար եռյակին:  

Հիշեցնենք, որ ԴիջիԹեք 2015-ը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, խաղային հեքեթոն, աշխատանքի տոնավաճառ, ինչպես նաև մի շարք մշակութային միջոցառումներ:

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի պլատինե հովանավորն է Յուքոմ ընկերությունը: